Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Սպորտային համալիր, հեծանվային վազքուղի, տաք ջրերի լողավազան. Ջերմուկը զբոսաշրջային նոր շունչ կստանա

Սպորտային համալիր, հեծանվային վազքուղի, տաք ջրերի լողավազան. Ջերմուկը զբոսաշրջային նոր շունչ կստանա

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջերմուկ քաղաքը նոր շունչ է ստանում, սպասվող խոշոր ներդրումային ծրագրերով, քաղաքը ոչ միայն նոր տեսք կունենա, այլև նոր հնարավորություններ՝ զբոսաշրջիկների համար:  Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Ջերմուկ քաղաքին կհատկացվի է 10 մլն ԱՄՆ դոլար: Այն ամբողջովին ուղղված է քաղաքի բարեկարգման աշխատանքներին, ենթակառուցվածքների բարելավմանը, նոր կենտրոնների ստեղծմանը:

Ջերմուկ քաղաքի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ նախատեսվում է Ջերմուկի լճի հարակից հատվածները բարեկարգել, ինչպես նաև հետիոտնային ճեմուղիներ կառուցել: Նոր ծրագրով քաղաքում ժամանցի կազմակերպման համար տեղադրվելու է բացօթյա ամֆիթատրոն: Բարեկարգվելու և կանաչապետվելու է քաղաքային զբոսայգին: Նախատեսված են հեծանվային վազքուղի, կարուսելներ:

«Ջերմուկն ունի մի շարք խնդիրներ, քաղաքը երկար տարիներ չի բարեկարգվել, հիմանականում որոշ աշխատանքներ արվել են կենտրոնական հատվածում: Այս նոր ծրագրում ընդգրկվել է ամբողջ քաղաքը: Մեր աշխատանքների կենտրոնում են լինելու բազմաբնակարանային շենքերը: Բոլոր շենքերի մուտքերը, տանիքներն ամբողջությամբ վերանորոգվելու են: Ֆասադային տեսքը վերականգնվելու է: Շատ զբոսաշրջիկներ նախընտրում են բազմաբնակարանային շենքերում տուն վարձակալել, մենք փորձում ենք ծրագրի շրջանակում շենքային պայմանները բարելավել, որ նրանց համար հարմարավետ լինի»,-ասաց քաղաքապետը:

Նա առանձնացրեց այգիների խնդիրը, նշելով, որ դրանք հիմնովին պետք է վերակառուցվեն: Վերակառուցված այգիներից բացի, ջերմուկցիները կունենա տարածաշրջանում խոշոր սպորտային համալիր, որը նախատեսված է լինելու ոչ միայն մարզվելու, այլև հետաքրքիր ժամանց կազմակերպելու համար:

Վարդան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ծրագրի նախագծանախահաշվարկային աշխատանքների ֆինանսավորումն արդեն կատարվել է, մրցույթը հայտարարվել է, հաղթողը եղել է Երևաննախագիծ ինստիտուտը: Նախատեսված է 20-օրյա ժամկետ, այսինքն՝ մոտ մեկ ամսից նախագծանախահաշվարկային աշխատանքները կավարտվեն: Հուլիսի 20-ից հետո արդեն կհայտարարվի հաջորդ մրցույթը, քաղաքապետը հույս հայտնեց, որ օգոստոսի 1-ից կսկեն հիմնական կառուցման աշխատանքները:

Ասիական զարգացման բանկի ֆինանսավորումից բացի, քաղաքում ներդրումներ են կատարում նաև մասնավորները: Վարդան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ներդրողը պատրաստվում է կառուցել բնական տաք ջրերի փակ և բացօթյա լողավազանային համալիրով խոշոր սպա կենտրոն՝ իր բոլոր հնարավորություններով: Խոսելով քաղաքի զբոսաշրջային հոսքի մասին՝ քաղաքապետը նշեց, որ տարեկան միջինը ունենում են 40-45 հազար մարդ: Համեմատաբար զբոսաշրջիկների հոսքն ակտիվ է լինում ամռանն ու ձմռանը:

«Իհարկե, այս ցուցանիշը փոքր է, Ջերմուկը, զբոսաշրջիկ ընդունելու ավելի շատ ներուժ ունի: Մենք նպատակ ենք դրել այնպիսի պայմաններ ստեղծել, որ մնացած սեզոններին նույնպես տուրիստների այցելությունը մեծ լինի: Շվեցարական ծրագրով նման աշխատանքներ ծրագրված են, նախատեսում է զբոսաշրջիկների տարեկան այցելությունը հասցնել 100 հազարի»,-ասաց Վարդան Հովհաննիսյանը:

Զբոսաշրջիկների թվի ավելացմամբ քաղաքում նաև սոցիալական խնդիր կլուծվի: Կբացվեն նոր աշխատատեղեր: Քաղաքապետը նկատեց, որ ցանկացած տեղաշարժին բնակիչները շատ արագ արձագանքում են, մասնավորապես, սկսել են հյուրատնային մշակույթը զարգացնել, կամ եղածներն են բարեկագրվում, կամ նորերն են կառուցվում: Վարդան Հովհաննիսյանի խոսքով, բնակիչները սովոր են և պատկերացում ունեն, թե ինչպես աշխատեն զբոսաշրջիկի հետ:

Ջերմուկ քաղաքն իր հյուրանոցներով, հյուրատներով, առողջարանային կենտրոններով ունի 2500 մահճակալի հնարավորոթյուն: Քաղաքում բոլոր առողջարանները գործում են:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]