Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ

Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության 
նախարար Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 22-ին Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ: 


Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել իր գլխավորած պատվիրակությանը ցուցաբերած էմիրաթական կողմի ավանդական ջերմ ընդունելության համար: Նշելով, որ ոչ այնքան երկար ժամանակ է անցել Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ իր վերջին հանդիպումից` Նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել մոտ չորս ամիս առաջ բարեկամ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած իր պաշտոնական այցը և գոհունակությամբ արձանագրել, որ այն որակական նոր մակարդակի բարձրացրեց երկկողմ միջպետական հարաբերությունները։

Հանրապետության Նախագահի գնահատմամբ, խոստումնալից հունով են ընթանում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքներով իրականացվող միջոցառումները, որոնց թվում է նաև այսօր բարեկամ էմիրություններում անցկացվող Հայաստանի ներդրումային հնարավորություններին նվիրված համաժողովը։ 

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Արաբական Միացյալ Էմիրությունների հետ բարձրաստիճան քաղաքական երկխոսությանը զուգընթաց համընդգրկուն փոխգործակցության զարգացմանը, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի բնագավառում: 

Նախագահը վստահություն է հայտնել, որ համաժողովի արդյունքներն ու դրա շրջանակներում ձեռք բերվելիք գործնական պայմանավորվածությունները կունենան երկկողմ լիակատար աջակցություն և իրենց լուրջ ներդրումը կբերեն հայ-էմիրաթյան առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման գործին:

Նախագահը շնորհակալություն է հայտնել համաշխարհային նշանակություն ունեցող «Դուբայ Էքսպո-2020» ցուցահանդեսին Հայաստանին մասնակցության հրավերի համար: 
Ընդգծելով, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է, Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ այս առումով հայ-էմիրաթյան հարաբերություններն առանձնակի տեղ են զբաղեցնում և փոխգործակցության լավագույն օրինակներից են: 
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ դիվանագիտական ներկայացուցչությունների առկայությունը միմյանց մայրաքաղաքներում որակապես նպաստում է երկու երկրների հարաբերությունների զարգացմանը: 

Հանրապետության Նախագահը համոզվածություն է հայտնել, որ Դուբայի առևտրատնտեսական կենտրոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հիմնումը նոր խթան կհաղորդի Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների տնտեսական կապերի զարգացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ՀՀ Նախագահի պաշտոնական այցի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Այդ համատեքստում զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել ԱՄԷ քաղաքացիներին ՀՀ մուտքի վիզայի պահանջից ազատելու` ՀՀ կառավարության որոշման մասին, որն արդեն ուժի մեջ է մտել: Նախագահը և Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը դա կարևոր քայլ են համարել երկկողմ կապերի առավել ամրապնդման ու զարգացման ճանապարհին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am