Տնտեսություն

«Հայաստանի տնտեսական զեկույց 2016»-ը նվիրված է երկրում սիրիահայերի տնտեսական ինտեգրմանը

2 րոպեի ընթերցում

«Հայաստանի տնտեսական զեկույց 2016»-ը նվիրված է երկրում սիրիահայերի տնտեսական ինտեգրմանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի ունեցավ «Հայաստանի տնտեսական զեկույց 2016»-ի շնորհանդեսը, որը նվիրված է Հայաստանում սիրիահայերի տնտեսական ինտեգրման խնդիրներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Հայաստանի տնտեսական զեկույցը» վերլուծական տարեկան պարբերական է։ Զեկույցը մշակել է Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը (EDRC) Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության (GIZ) աջակցությամբ: Զեկույցի մշակման աշխատանքներում հեղինակային խումբը համագործակցել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության հետ:

ՏԶՀԿ նախագահ Մուշեղ Թումասյանի խոսքով` զեկույցի հիմնական նպատակն է վերլուծել եւ մեկնաբանել Հայաստանի տնտեսական զարգացումները եւ քաղաքականությունները, բարձրացնել իրազեկվածության եւ տեղեկացվածության մակարդակը, հիմքեր ստեղծել քննարկումների ընդլայնման եւ քաղաքականության որոշումների նախագծման համար:

«Զեկույցի յուրաքանչյուր թողարկում անդրադառնում է անցած տարվա տնտեսական միտումներին, ինչպես նաև՝ առաջ քաշում թեմատիկ վերլուծություններ եւ տնտեսական քաղաքականության առանձին ուղղությունների քննարկումներ: Այս տարի զեկույցը նվիրված է Հայաստանում սիրիահայերի տնտեսական ինտեգրման խնդիրներին»,- ասաց նա:

Շնորհանդեսին ներկա էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը, ով նույնպես հանդես եկավ ողջույնի խոսքով: Նրա դիտարկմամբ` տնտեսության մասնավոր հատվածի համար վերջին տարիներին դժվարին ժամանակներ են:

«2016-ը համաշխարհային տնտեսության մեջ ընդհանուր առմամբ նկատված դանդաղեցման գործընթացներն անդրադարձել են նաեւ հայաստանյան տնտեսական զարգացումներին: Հասարակությունը սպասում է ավելի էական ձեռքբերումներ, ավելի բարձր ցուցանիշներ, քան արձանագրվում են: Մյուս կողմից` դժվար ժամանակներն ունեն նաեւ դրական նշանակություն այն տեսանկյունից, որ ի ցույց են դնում թույլ օղակները, եւ մեզ դարձնում ավելի մրցունակ եւ դժվարությունների նկատմամբ ավելի կայուն»,- նշեց փոխնախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում