Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գյումրին ներուժ ունի զբոսաշրջիկին գրավելու. քաղաքապետ Բալասանյանը քաղաքի բարեկարգման հավակնոտ ծրագրեր է մատնանշում

Գյումրին ներուժ ունի զբոսաշրջիկին գրավելու. քաղաքապետ Բալասանյանը քաղաքի 
բարեկարգման հավակնոտ ծրագրեր է մատնանշում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը կարծում է, որ քաղաքի զարգացման համար անհրաժեշտ է ակտիվ համագործակցություն ներդրողների հետ:  «Արմենպրես»-ը զրուցել է Սամվել Բալասանյանի հետ առաջիկայում նախատեսված ծրագրերի, ներդրումների համար առավել հեռանկարային ուղղությունների եւ նմանատիպ այլ հարցերի շուրջ:

-Պարոն Բալասանյան, օրերս աշխատանքային այցով Գյումրիում էր վարչապետ Կարեն Կարապետյանը: Ընդգծվեց, որ կառավարությունը շահագրգիռ է Գյումրիում ներդրումներ ներգրավելու հարցում: Գյումրիում ի՞նչ ներդրումային ուղղություններ կառանձնացնեք, ո՞ր ուղղություններն են առավել հեռանկարային:

-Պատմական քաղաքի վերակառուցման համար լուրջ ծրագիր է առաջ քաշել վարչապետը: Սա  կառավարության հետ իրականացվող առաջին պիլոտային ծրագիրն է, որի շրջանակում նախատեսվում է վերակառուցել Գյումրու պատմական միջուկ հանդիսացող 2 փողոց՝ Ռուսթավելու և Շիրազի:  Ծրագրի իրագործման նպատակով ստեղծվելու է հատուկ հիմնադրամ, որտեղ լուրջ գումարներ կներդրվեն: Այս ամսվա սկզբին վարչապետն աշխատանքային այցով Գյումրիում էր, նրա հետ Գյումրի էին եկել նաև մեծ թվով գործարարներ, ովքեր հետաքրքրված են ներդրումային ծրագրով: Վարչապետի մասնակցությամբ  այդ օրը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ Կումայրի պատմական կենտրոնի զարգացման նախագծի շնորհանդեսը, որի նախագիծը մշակել են ՀՀ կենտրոնական բանկն ու «Հույս» Գյումրու շենացման հիմնադրամը: Շնորհանդեսի ընթացքում ներկայացվեցին ծրագրի շրջանակներում Գյումրիում կատարված աշխատանքների արդյունքները,  հետագա անելիքները: Գյումրու զարգացման ծրագրի առաջին քայլերն արդեն արված են, իսկ հետագա զարգացման համար մենք բոլորս մեր ջանքերը պետք է ներդնենք:

 -Վարչապետի այցի ընթացքում խոսվեց պատմական շենք-շինությունների ներկայիս վիճակի, դրանց պահպանման ու վերականգնման մասին: Ի՞նչ քայլեր են նախատեսված այդ ուղղությամբ: Արդյո՞ք մշակութային արժեք ներկայացնող շինությունների ամբողջական հաշվառում կա, որքանո՞վ դրանք կարող են օգտագործվել զբոսաշրջության նպատակով:

-Այո, իհարկե, կա:  Ընդհանուր հաշվառում, ուսումնասիրություններ Գյումրիում իրականացրել է նաև «Հույս» Գյումրու շենացման հիմնադրամը և վարչապետի այցի օրը, ինչպես նշեցի արդեն, ներկայացվեց նաև այդ ծրագիրը: Գյումրու զարգացման համար անհրաժեշտ է ակտիվ համագործակցություն ներդրողների հետ:

Շիրակ» օդանավակայանի վերագործարկմամբ պայմանավորված՝ շատ է խոսվում Գյումրիում զբոսաշրջության զարգացմանը զարկ տալու մասին: Ի՞նչ ակնկալիքներ կան զբոսաշրջիկներին ներգրավելու տեսանկյունից:

-Տեսեք, «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը անցած տարվա դեկտեմբերից սկսեց թռիչքներ իրականացնել Գյումրու «Շիրակ» օդանավակայանից, և այսօր էլ այս ավիաընկերությունը շաբաթական 3 անգամ թռիչքներ է իրականացնում, այն էլ գերբեռնված: Նախատեսված է 10 միլիոն դոլարի ներդրում կատարել «Շիրակ» օդանավակայանում, որից 2.5 մլն սպասարկման սրահի վերանորոգման համար:

-Օդանավակայանի գործարկմամբ պայմանավորված՝ հարակից հատվածների ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտություն կա: Գյումրու քաղաքապետարանն ի՞նչ ծրագրեր է նախատեսում:

-Քաղաքապետարանն իր ունեցած հնարավորությունների սահմանում տարբեր կառույցների և ներդրումներ կատարելու պատրաստակամություն հայտնող անհատների հետ է համագործակցում՝ Գյումրիում տուրիզմը զարգացնելու համար: Գյումրեցի գործարար Կարեն Գոմցյանը նախաձեռնել է և իրականացնելու է Գյումրու շուկայի վերականգնումը: Շուկայի վերակառուցման համար շատ մեծ գումար է ներդրվելու, արդյունքում ունենալու ենք յուրահատուկ մի կառույց: Այն իր մեջ կներառի քաղաքի կոլորիտը, որը և կկարողանանք ցույց տալ քաղաք եկող զբոսաշրջիկին: Զբոսաշրջիկների համար ևս մեկ գրավիչ կառույց է Գյումրու հին թատրոնի շենքը, որը տրվեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին, նախատեսվում է շենքի վերակառուցում, այգու բարեկարգում: Զբոսաշրջիկին Գյումրի բերելու համար խթան կհանդիսանա նաև Հյուսիս-հարավ մայրուղու շահագործումը: Տուրիզմի զարգացումը քաղաքում իր հետ կբերի ֆինանսական մեծ շրջանառություն:  

- Խոսվեց ենթակառուցվածքների մասին, քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մշակութային կենտրոնների, ճանապարհների բարելավման տեսանկյունից ի՞նչ անելիքներ կան:

-Գյումրու քաղաքապետարանն իր ունեցած հնարավորությունների շրջանակներում շարունակելու է բարեկարգումը՝ փողոցների, քաղաքի արտաքին լուսավորության, կանաչապատման ուղղությամբ: Մեր կողմից ձեռնարկված աշխատանքները տարբեր կազմակերպությունների հետ համատեղ ենք իրականացնելու:  2017 թվականին կմեկնարկի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից 23.8 միլիոն եվրո արժողությամբ դրամաշնորհային-վարկային ծրագիրը, որի շրջանակներում կիրականացվեն փողոցաշինական, քաղաքի լուսավորման ցանցի արդիականացման լայնածավալ աշխատանքներ, ինչը մեծ ձեռքբերում է Գյումրու համար:

Հարցազրույցը՝ Սյուզի Մուրադյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]