Հայաստան-Իրան ենթակառուցվածքների բարելավման հարցում որոշակի առաջընթաց կապահովվի. Արտակ Զաքարյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Իրան ենթակառուցվածքների բարելավման հարցում որոշակի առաջընթաց կապահովվի: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն` անդրադառնալով Իրանի նախագահի՝ Հայաստան սպասվող այցին:
«Հայաստան Իրանի նախագահի այցի շրջանակում կստորագրվեն հայ-իրանական երկկողմ նշանակություն ունեցող մի շարք պայմանագրեր: Դա հնարավորություն կտա զարգացնել երկու երկրների տնտեսական հարաբերությունները, ինչպես նաև որոշակի առաջընթաց ապահովել ենթակառուցվածքների բարելավման հարցում: Գիտեք, որ մենք տնտեսական առումով ունենք ենթակառուցվածքների բարելավման անհրաժեշտություն, մենք խնդիր ունենք բարձրացնելու տնտեսական գրավչությունը մեր երկրում: Փորձելու ենք ներգրավել նոր տնտեսական ռեսուրսներ, ներդրումներ, այս առումով Իրանը մեր լավագույն գործընկերներից մեկն է` հաշվի առնելով այն վերջին զարգացումները, որոնք տեղի են ունեցել Իրանի արտաքին քաղաքականության օրակարգում»,-ասաց Արտակ Զաքարյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: Այցի շրջանակում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Նախագահի նստավայրում հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարություններով: Հայաստանի և Իրանի նախագահները ներկա կգտնվեն նաև Հայաստան-Իրան գործարար համաժողովին: