Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Շարժայի կառավարիչ շեյխ, դոկտոր Սուլթան բին Մուհամմադ ալ Քասիմիի հետ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Շարժայի կառավարիչ շեյխ, դոկտոր Սուլթան բին 
Մուհամմադ ալ Քասիմիի հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 10-ին հանդիպում է ունեցել Շարժայի կառավարիչ շեյխ, դոկտոր Սուլթան բին Մուհամմադ ալ Քասիմիի հետ: ՀՀ Նախագահը բարձր է գնահատել Շարժայի կառավարիչ շեյխի անձնական մեծ ներդրումը մի շարք ոլորտներում հայ-էմիրաթական հարաբերություններն ու փոխգործակցությունը խորացնելու գործում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը շնորհակալությամբ է նշել, մասնավորապես, շեյխ, դոկտոր Սուլթան բին Մուհամմադ ալ Քասիմիի անմիջական աջակցությամբ Հաղարծինի վանական համալիրի հիմնովին վերանորոգումն ու համալիրին կից վանատան կառուցումը, ընդգծելով, որ տարիներ առաջ շեյխի Հայաստան կատարած այցելությունն իր նշանակալի հետքն է թողել երկու երկրների հարաբերություններում, և վերոնշյալ օրինակելի ու աստվածահաճո քայլը միջկրոնական երկխոսության և հանդուրժողականության լավագույն դրսևորում էր:

Նախագահը գնահատելի է համարել նաև Շարժայում Հայաստանի առևտրատնտեսական կենտրոն բացելու գործում շեյխ, դոկտոր Սուլթան բին Մուհամմադ ալ Քասիմիի ունեցած անմիջական դերակատարությունը և երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ու հետագա խորացման տեսանկյունից առանձնակի կարևորել է այդ քայլը։ Սերժ Սարգսյանը նշել է, որ կենտրոնն իր առավել ակտիվ գործունեությամբ կնպաստի երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու բարեկամ երկրների միջև հաստատված ուղիղ ավիաչվերթերից առաջինը Շարժա-Երևան-Շարժա երթուղին էր, որի ներկայիս պարբերականությունը խոսուն կերպով վկայում է փոխադարձ հետաքրքրության մեծացման մասին:

Շարժայի կառավարիչ շեյխի հետ հանդիպմանը Հանրապետության Նախագահը խոսել է նաև ԱՄԷ ներդրումային և զարգացման տարբեր հիմնադրամների հետ հարաբերություններն ակտիվացնելու Հայաստանի ցանկության մասին, որի իրագործման նպատակով արդեն որոշակի պայմանավորվածություններ են ձեռքբերվել այցի շրջանակներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am