Քաղաքականություն

Վիգեն Սարգսյանը ԼՂ բանակցային գործընթացում առաջընթացի համար կարևորում է հրադադարի անվերապահ պահպանումը

2 րոպեի ընթերցում

Վիգեն Սարգսյանը ԼՂ բանակցային գործընթացում առաջընթացի համար կարևորում է հրադադարի անվերապահ պահպանումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է հերթական տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին, Պիեռ Անդրիոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` հավելելով. «Համանախագահների խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձավ բանակցային գործընթացի ռազմաքաղաքական ասպեկտներին և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին:

Նախարար Սարգսյանը տեղեկացրեց, որ ապրիլյան ռազմական գործողություններից հետո էլ Ադրբեջանը շարունակում է ապակայունացնել իրավիճակը շփման գծում, պարբերաբար աճում է կրակոցների քանակը, մեծանում է կիրառվող զենքերի տրամաչափը` հանգեցնելով նոր զոհերի: Վիգեն Սարգսյանը նշեց, որ բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու համար Հայաստանը կարևորում է շփման գծում հրադադարի անվերապահ պահպանումը և հակամարտ կողմերի միջև վստահության ամրապնդումը:

Կողմերը կարծիքներ փոխանակեցին նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների հիման վրա բանակցային գործընթացը շարունակելու, դեսպան Ա.Կասպիշիկի գործառնական հնարավորություններն ընդլայնելու ուղիների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պյեռ Անդրիոյին վերջին երկու տարիների ընթացքում արդյունավետ միջնորդական աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում