Դեսպան Մկրտչյանը Լիբանանի ԱԳ նախարարի հետ քննարկել են երկկողմ հարաբերությունների հարցեր
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հոկտեմբերի 25-ին հանդիպել է Լիբանանի արտաքին գործերի նախարար Ջըբրան Բասիլի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից` հավելելով. «Հանդիպմանը կողմերը զրույց ունեցան երկկողմ հարաբերությունների օրակարգի բազմաթիվ հարցերի և համագործակցության հետագա զարգացման ու խորացման ուղղությամբ գործադրվող ջանքերի վերաբերյալ: Այս առումով կարևորվեց լիբանանահայ համայնքի դերակատարությունը, որն ակտիվորեն ներգրավված է Լիբանանի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ակտիվացման շուրջ:
Հանգամանալից անդրադարձ կատարվեց նաև Լիբանանի ներքաղաքական վերջին զարգացումներին առնչվող մի շարք հարցերին»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում