Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Ինքն իրեն հավատարիմ էր ամենուր. կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանը սերունդներին թողեց ուրույն ձեռագիր


ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքից հեռացել է հայ կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1987), Հայաստանի ժողովրդական արտիստ Ներսես Հովհաննիսյանը: Նա վախճանվել է հոկտեմբերի 23-ին` 78 տարեկանում:   

«Արմենպրես»-ը ներկայացնում է «+Կինո» ամսագրի գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանի հոդվածը Ներսես Հովհաննիսյանի կյանքի ու գործունեության վերաբերյալ:

«Բավական է մեկ անգամ թաթախվել կինոյով, իսկ դա նշանակում է ամբողջ կյանքում կապվել կինոյին: Այս առումով բացառություն չէ նաև Ներսես Հովհաննիսյանը: Դպրոցական տարիքում նա նկարահանվեց իրենց տան հարևանությամբ «Հայֆիլմ» կինոստուդիայում ստեղծվող Ալեքսանդր Ռոուի «Լեռնային լճի գաղտնիքը» (1954թ.) ֆիլմում: Վախթանգ Անանյանի այդ գործի էկրանավորման շրջանից կարծես ձևավորվեց և ապագա ռեժիսորը, և դերասանը: Հետագայում նա իր կարճամետրաժներով լուրջ հայտ ներկայացրեց կինոռեժիսուրայում: Թվարկենք այդ կարճամետրաժները. «Զգուշացիր կենդանաշունչ է» (1969թ.), «Ձախորդ Փանոսը» (1970թ.), «Հանդիպում ցուցահանդեսում» (1968թ.): Այս երեք ֆիլմերն էլ նկարահանված են ռեժիսորական բարձր վարպետությամբ` թեմաներին բնորոշ ասելիքով ու արտահայտչականությամբ:

Դիցուք «Զգուշացիր կենդանաշունչ է» կարճամետրաժը: Սյուժեն թվում է շատ պարզ ու հասարակ: Վովա փղին կայարանից տանում են կենդանաբանական այգի: Մոտոցիկլիստների շարասյունը կարծես կառավարական բարձրաստիճան պաշտոնատար անձանց է ուղեկցում: Փողոցի երկու կողմի բարձրահարկերից ժողովուրդը ողջունում է շքախմբին: Իսկ շղթայակապ փիղը, գլուխը թափահարելով, ասես ողջունում է ամբոխին: Ռեժիսորն այնպես է մոնտաժել ոչ խաղարկային այս սյուժեն, որ այն գեղարվեստական այլաբանության տեսք է ստացել:

Այս կարճամետրաժից հետո Ներսես Հովհաննիսյանը Կենտրոնական հեռուստատեսության պատվերով «Երևան» ստուդիայում նկարահանեց «Հարսնացուն հյուսիսից» (1975թ.) ֆիլմը: Կինոնկարը բոլոր ժամանակների քննությանը դիմացել է, ավելին, մինչև այսօր էլ ցուցադրվում է դրսի ու ներսի ամենատարբեր հեռուստաընկերությունների կողմից: Երբ փորձում ես վերլուծել Արմեն Ջիգարխանյանի, Մուրադ Կոստանյանի, Երվանդ Մանարյանի, Վերջալույս Միրիջանյանի, դեբյուտանտ Արայիկ Բաբաջանյանի ստեղծած կերպարները, նրանց խաղում առաջին հերթին աչքի է զարնում կինոռեժիսոր-դերասան Ներսես Հովհաննիսյանին բնորոշ ինքնատիպ ձեռագիրը: Ստեղծված են ճշմարիտ, գործին ու ժամանակին համահունչ լիարժեք կերպարներ:

1977-ին «Հայֆիլմ»-ում նա նկարահանեց «Մրցույթի են գալիս խոհարարները» նուրբ հումորով հագեցած կատակերգությունը, որը նույնպես հանդիսականների կողմից ընդունվեց ջերմորեն: Կարծում եմ, Ներսես Հովհաննիսյան կինոռեժիսորի լավագույն աշխատանքներից մեկը «Երջանկության մեխանիկան է» (1982թ.), որը դեռևս ինչպես հարկն է քննադատության կողմից արժևորված չէ: Ուշադրություն դարձրեք, թե ինչպիսի համոզիչ ու ինքնատիպ կերպարներ են ստեղծել Ազատ Գասպարյանն ու Ալլա Թումանյանը:

Էվերտ Պայազատյանի սցենարով նկարահանած նրա «Օտար խաղեր»-ը (1986թ.) յուրօրինակ հրապարակախոսական շունչ ունեցող ֆիլմ է: Մեծ է Ներսես Հովհաննիսյանի դերը «Հայֆիլմ»-ում «Բումերանգ» երգիծական ալմանախի ստեղծման ու կայացման գործում: Եթե մի պահ հնարավորություն տրվի մտովի մոնտաժել Ներսես Հովհաննիսյանի կինոդերակատարումները` «Ապրեցեք երկար», «Գործուղում առողջարան», «Մենավոր ընկուզենի» և այլ ֆիլմերում, կտեսնենք, որ գործ ունենք նաև տաղանդավոր դերասանի, արտիստի հետ:

Նա հայկական կինոյում այնպիսի մի տեղ է զբաղեցրել, որը միայն իրեն է պատկանում` հումոր, գրոտեսկ, իրեն բնորոշ հետաքրքիր պատմելաձև և բազմաթիվ այլ արժանիքներ:

Ներսես Հովհաննիսյանը ստեղծագործական նույն ձեռագիրը պահպանել է նաև Մոսկվայում: Եվ կարևոր չէ, թե նա հայկական թեմա էր նկարահանում, թե ոչ: Նա ինքն իրեն հավատարիմ էր ամենուր…

Ներսես Հովհաննիսյանը (1938թ. հոկտեմբերի 12-2016թ. հոկտեմբերի 23) Հայաստանի ժողովրդական արտիստ է, պետական մրցանակի դափնեկիր»:

«Արմենպրես»-ի խմբագրակազմը ցավակցում է Ներսես Հովհաննիսյանի հարազատներին, մերձավորներին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ