Սպասվող լրահոս. 20.10.2016
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
Այսօր` հոկտեմբերի 20-ին, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ օրակարգում ունենալով «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը: Այսօր կայանալու է նաև ՀՀ կառավարության հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված հարցերի համաձայն Մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար կնշանակվի Սամվել Մուրադյանը, իսկ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար կնշանակվի Գագիկ Հայրապետյանը:
ՀՀ սփյուռքի նախարարությունում կմեկնարկի «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը, որը կանցկացվի հոկտեմբերի 20-22-ը՝ Երևանում, իսկ 23-24-ը՝ Ստեփանակերտում: Համաժողովին կմասնակցեն 140 լրագրողներ՝ աշխարհի 31 երկրից: Համաժողովը նվիրվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների անկախության 25-ամյակին:
Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի հարակից տարածքից երթուղի դուրս կգա հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված ևս 5 ավտոբուս:
Երբ է Հայաստանի տարածքում սկսվելու անալոգային հեռուստատեսային հեռարձակման անջատման գործընթացը, երբ է մեկնարկում թվային հեռարձակման ժամանակաշրջանը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը կխոսեն թեմայի շուրջ:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախաձեռնությամբ Երևանում տեղի կունենա Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) 44-րդ նստաշրջանի բացումը: Մասնակցում են 40 երկրներից հեռուստատեսության և ռադիոյի ոլորտի ներկայացուցիչներ, Եվրոպայի խորհրդի, Եվրոպական աուդիովիզուալ օբսերվատորիայի ներկայացուցիչներ և այլք: EPRA-ն հանդիսանում է հեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների եվրոպական խոշորագույն և հեղինակավոր ցանց:
Երևանում կանցկացվի «Աշխարհն առանց արգելքների» խորագրով անդրանիկ միջազգային գիտաժողովը՝ նվիրված Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացմանը: Համաժողովին ներկա կլինեն տարբեր գերատեսչությունների փոխնախարարներ, ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Դեբորա Գրիզերը, 15 երկրներից հրավիրված ավելի քան 20 միջազգային փորձագետներ և հասարակական կառույցների ներկայացուցիչներ: Համաժողովին կներկայացվի, թե Հայաստանն ինչ աշխատանքներ և ծրագրեր է իրականացրել հաշմանդամության ոլորտում ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթներին համապատասխան:
Արամ Խաչատրյան համերգասրահում Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի շրջանակում կանցկացվի սիմֆոնիկ համերգ, որը կղեկավարի իտալացի դիրիժոր Բեատրիչե Վենեցին։ Համերգի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ որպես մենակատարներ հանդես կգան թավջութակահարներ Արամ Թալալյանը, Գայանե Խաչատրյանը, Անուշ Յավրումյանը :
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում