Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Կարեն Կարապետյանն ընդունել է «Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲԸ-ի պատվիրակությունը

Կարեն Կարապետյանն ընդունել է «Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲԸ-ի պատվիրակությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲԸ-ի միջազգային մանրածախ և առևտրային ծառայությունների ղեկավար Մարկ Օպենհեյմի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ընդգծելով «Կրեդիտ Ագրիկոլ»-ի գործունեությունը Հայաստանի բանկային ոլորտում և ֆրանսիական կառավարման մշակույթի ներկայությունը՝ վարչապետը կարևորել է ֆրանսիական կապիտալի ներհոսքի ավելացումն ու ներդրումային ծրագրերի ուղղությամբ լրացուցիչ քայլերի իրականացումը: «Մենք խնդիր ունենք բարելավելու բիզնես միջավայրը և այդ նպատակով որոշակիորեն փոխվել է նաև էկոնոմիկայի նախարարության ուղղվածությունը, որի գլխավոր նպատակն է լինելու աջակցել գործարար հատվածին և ներդրումների իրականացմանը: Մեր թիմը միշտ բաց է լինելու և կանգնելու է ձեր կողքին՝ հնարավոր բոլոր խնդիրների լուծման ճանապարհին»,- ասել է Կարեն Կարապետյանը: Վարչապետն ավելացրել է, որ հանդիպելով բանկային ոլորտի ներկայացուցիչներին, առաջարկել է մշակել համապատասխան մեխանիզմներ բանկերում առկա ակտիվների միջոցով վարկավորելու փոքր և միջին բիզնեսը՝ նպաստելով տնտեսության տարբեր ճյուղերի աշխուժացմանը: Հատկանշելով բանկի գործունեությունը գյուղատնտեսության ոլորտում՝ վարչապետն ընդգծել է նաև ֆրանսիական ընկերության և ՀՀ գյուղատնտեսության նախարարության սերտ համագործակցության անհրաժեշտությունը և նշել, որ նախարարությունն առաջիկայում կմշակի ներդրումային ծրագրերի փաթեթ և կներկայացնի պոտենցիալ գործընկերներին: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ «Կրեդիտ Ագրիկոլ»-ը կկարողանա մեծապես նպաստել ֆրանսիական կապիտալի ներգրավմանը Հայաստանի տնտեսության մեջ և նշել, որ այդ հարցում ակնկալում է բեկումնային քայլեր: 

Մարկ Օպենհեյմը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ այսօր լրանում է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի՝ Հայաստանում գործունեության 20-ամյակը: Նրա խոսքով, այդ փաստն արտացոլում է երկկողմ ամուր կապերն ու իրենց մեծ ցանկությունը՝ նպաստելու Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանը, գործարար դաշտի ակտիվացմանն ու տնտեսության զարգացմանը: «Կրեդիտ Ագրիկոլ»-ի միջազգային մանրածախ և առևտրային ծառայությունների ղեկավարը վստահություն է հայտնել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործունեության ուղղվածության փոփոխությունը ևս կնպաստի ՀՀ կառավարության նպատակների և ներդրումային ծրագրերի իրականացմանը: Մարկ Օպենհեյմը շնորհակալություն է հայտնել վարչապետ Կարապետյանին՝ օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամության համար՝ նշելով, որ դա շատ կարևոր է իրենց ու այլ ներդրողների համար: «Պետության և ներդրողի միջև լավ հարաբերությունները հաջողության հիմնական գրավականներից են: Մի պետություն, որը պատրաստ է աջակցել գործարար դաշտին՝ կկարողանա հասնել տնտեսության զարգացմանն ու ապահովել առաջընթաց: Մենք այդ ճանապարհին կանգնած ենք ձեր կողքին և շահագրգռված ենք լինելու ֆրանսիական կապիտալի դեսպանը Հայաստանում»,- ասել է Մարկ Օպենհեյմը: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող այլ հարցեր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am