Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սերգեյ Մինասյանը վարչապետի հրաժարականը կապում է երկրում ստեղծված հասարակական- քաղաքական իրավիճակի հետ

Սերգեյ Մինասյանը վարչապետի հրաժարականը կապում է երկրում ստեղծված  հասարակական-
քաղաքական իրավիճակի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը կապում է ապրիլյան քառօրյա պատերազմից և հուլիսյան հայտնի իրադարձություններից հետո երկրում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակի հետ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում քաղաքագետն ընդգծեց, որ այդ իրադարձություններից հետո հասարակությունը պահանջում է պետական համակարգի բարելավումներ, որոնք Հովիկ Աբրահամյանը նույնիսկ մեծ ցանկության դեպքում չէր կարող իրականացնել` լինելով այդ համակարգի մասնակից: «Կարծում եմ, որ Հանրապետության նախագահն այս ամենը շատ լավ հասկանում է: Հիշեցնեմ, որ կարճ ժամկետում նոր կառավարության ստեղծման մասին նախագահը խոսել էր պարեկապահակային ծառայության գունդը գրավելու իրադարձություններից հետո»,- նշեց Մինասյանը:

Հարցին, թե նոր կառավարությունն առաջնահերթ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի փոփոխություններ իրականացնելու համար, Սերգեյ Մինասյանը պատասխանեց. «Բոլորն էլ հասկանում են, որ հասարակությունը պահանջում է շատ կտրուկ, լուրջ փոփոխություններ, իսկ դա նշանակում է, որ առաջին հերթին պետք է փոխվեն  խաղի կանոնները սոցիալ-տնտեսական կյանքում: Բացի դրանից` վարչապետը ու որոշ չափով նաև իշխող կուսակցությունը պետք է աշխատեն այն ուղղությամբ, որ  բացեն քաղաքական դաշտն ընտրություններից առաջ: Այսինքն՝ պիտի պատրաստ լինեն այդ քաղաքական և տնտեսական հնարավորությունները կիսել այլ քաղաքական ուժերի հետ, որը կարող է հասարակության կողմից ընկալվել որպես լուրջ փոփոխություն:

Քաղաքագետն անդրադարձավ նաև շրջանառվող լուրերին, որ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանին կփոխարինի Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: ՙԵս էլ լսել եմ այդ լուրերը և, բնականաբար, շատ հավանական եմ համարում: Գլխավոր առավելությունը, որն ունի Կարեն Կարապետյանը, այն է, որ ինքը չի համարվում գործող քաղաքական-տնտեսական համակարգի ներկայացուցիչը: Այսինքն՝ ժողովրդական լեզվով ասած, նա դրսից եկած մարդ է, ով պետք է բարեփոխի համակարգը: Ես կարծում եմ, որ այդ նշանակումը տեղի կունենա նաև` ելնելով հենց այս հանգամանքից: Կհաջողվի՞ նրան դա անել, թե ոչ, այլ հարց է»,- եզրափակեց Մինասյանը:

Սեպտեմբերի 8-ին կառավարության նիստի ավարտին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց հրաժարական տալու մասին: Շրջանառվող լուրերի համաձայն` վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանին կփոխարինի Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am