Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Դավիթ Լոքյանն ու ԻԻՀ դեսպանը կարևորել են ազատ տնտեսական գոտիների կայացումը

Դավիթ Լոքյանն ու ԻԻՀ դեսպանը կարևորել են ազատ տնտեսական գոտիների կայացումը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն օգոստոսի 31-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Նախարար Դավիթ Լոքյանը և դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ջերմությամբ են հիշել ամիսներ առաջ կայացած իրենց նախորդ հանդիպումը, որի ընթացքում զրուցել են ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև տարածքային և տնտեսական համագործակցության, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաների շուրջ:

Ողջունելով հյուրին`նախարարը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության հետ տնտեսական կապերի ակտիվացումը և տարածքային համագործակցությունը, մասնավորապես Սյունիքի մարզում` կապված ազատ տնտեսական գոտու խնդիրների հետ:  Կողմերը երկուստեք կարևորել են երկկողմ ազատ տնտեսական գոտիների կայացման խնդիրը և այդ գոտիների կայացման  համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելը: Նախարար Դավիթ Լոքյանն ընդգծել է մեր երկրում արտադրություններ ունենալու առավելությունները իրանական կողմին նախապես ներկայացնելու,  Իրանի գործարարներին ԵԱՏՄ-ի և ՀՀ-ի տեխնիկական կանոնակարգերին և ստանդարտներին ծանոթացնելու կարևորությունը:  

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում Թավրիզում կայանալիք համաժողովին: Քննարկվել է այդ համաժողովում Հայաստանին առնչվող ծրագրեր ներկայացնելու հարցը: Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ընդգծել է Կովկասի, մասնավորապես  Հայաստանի կարևորությունը ԻԻՀ-ի համար` որպես հարթակ ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներ մուտք գործելու համար:

Նախարար Դավիթ Լոքյանը և դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին համակարծիք են եղել, որ Հայաստանի և Իրանի տարածքների միջև դեռևս չօգտագործված ներուժ, համագործակցության բավականին հնարավորություններ ու հեռանկարներ կան: Առաջարկվել է   ստեղծել աշխատանքային խումբ, որը հետամուտ կլինի երկու երկրների հարաբերությունների առավել խորացմանը վերաբերող հարցերին: Հայաստանի և Իրանի տարածքների միջև տնտեսական կապերի առավել ամրապնդման տեսանկյունից զրուցակիցները հաճախակի փոխայցելություններից բացի  կարևորել են միջմարզային հարաբերությունների զարգացմանն ուղղված  գործնական քայլերը»:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am