Հասարակական

Հայաստանը մեծ ներուժ ունի զարգացնելու մշակութային զբոսաշրջությունը. նորվեգացի փորձագետ

4 րոպեի ընթերցում

Հայաստանը մեծ ներուժ ունի զարգացնելու մշակութային զբոսաշրջությունը. նորվեգացի փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը մեծ ներուժ ունի զարգացնելու մշակութային զբոսաշրջությունը: Նման տեսակետ «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Նորվեգիայի Կոն-Տիկի թանգարանի մարքեթինգային բաժնի նախկին պատասխանատու, միջազգային մարքեթինգի եւ տուրիզմի փորձագետ Հալֆդեն Թանջենը, ով վերջին տարիներին Եվրոպայի ողջ տարածքում անընդմեջ հանդես է եկել տարբեր դասախոսություններով: Վերջերս նա կատարեց երկրորդ այցը Հայաստան:

«Առաջին անգամ Հայաստան այցելեցինք ծովային կենսաբան, Նորվեգիայի Կոն-Տիկի թանգարանի հատուկ խորհրդական Թոր Հեյերդալ Կրտսերի հետ, ով նորվեգացի հայտնի գիտնական Թոր Հեյերդալի որդին է: Մենք համալսարանաում դասախոսություն կարդացինք եւ հնարավորություն ունեցանք շրջելու շատ հետաքրքիր թանգարաններով եւ մշակութային վայրերով: Կարող եմ ասել, որ յուրահատուկ ճամփորդություն էր»,-ասաց փորձագետը:

Նրա երկրորդ այցը Հայաստան ուներ հստակ նպատակ` իրականացնել ծրագիր արշավների երիտասարդ սիրահարների համար:

«Բարերար Շանթ Հովնանյանի հետ որոշեցինք իրագործել մեր լավ գաղափարը` կապված երիտասարդների հետ: 2014 թվականին ես, Թոր Հեյերդալ Կրտսերն ու իր կինը` Գրետե Հեյերդալն այցելեցինք Հայաստան: Այս ճամփորդությունը կազմակերպվել էր Դանիայում եւ Նորվեգիայում հայկական դեսպանության, ինչպես նաեւ «Վահագն եւ Հասմիկ Հովնանյաններ» հիմնադրամի աջակցությամբ: Սա քննարկումների սկզիբն էր. որոշեցինք Կոն-Տիկի ամառային ճամբարի միջոցով, որը հետագայում վերանվանվեց «Թոր Հեյերդալ» արշավախումբ, հնարավորություն տրամադրել երիտասարդ հետազոտողներին ավելի շատ տեղեկատվություն ստանալու ազգերի մշակույթների, կրոնի մասին, գնալ արշավների, ընդլայնել մտահորիզոնը, մի խոսքով` ստեղծել մի կապող կամուրջ մշակույթների միջեւ»,- նշեց նա:

Օգոստոսի 1-10-ը Հայաստանում «Թոր Հեյերդալ» արշավախումբը համախմբեց 14-16 տարեկան հայ եւ ռուս պատանի հետազոտողների:

«Նովոսիբիրսկում կայացավ Կոն-Տիկի ճանապարհորդների ամենամյա փառատոնը: Տոնում էինք նաեւ Կոն-Տիկի երիտասարդ ռուս հետազոտողների ակումբի 40-ամյակը: Հենց այս միջոցառումից հետո էլ որոշեցինք ներգրավել նաեւ ռուս պատանիներին, եւ կարող եմ ասել, որ հաջողություն ունեցանք` դատելով նաեւ մասնակիցների արձագանքից: Նրանք մեծ փորձ ձեռք բերեցին եւ շատ բան սովորեցին: Հաջորդ տարի միանշանակ ավելի ու ավելի երիտասարդների ենք ներգրավելու: Սակայն մեծ աշխատանք ունենք կատարելու, բացի դրանից լավ գործընկերների կարիք ունենք` ծրագիրն ընդլայնելու եւ հետագայում այն մեծ միջազգային ծրագիր դարձնելու համար»,- ասաց Հալֆդեն Թանջենը:

Տուրիզմի փորձագետի խոսքով` միայն դրական տպավորություններով է հեռացել Հայաստանից:

«Սա յուրահատուկ երկիր է: Ես շատ ընկերներ ձեռք բերեցի Հայաստանում եւ միանշանակ էլի եմ այցելելու, լինի դա ծրագրի շրջանակում, թե ոչ: Հատկապես հավանել եմ խոհանոցը, շատ բան եմ սովորել Հայաստանի` որպես առաջին քրիստոնյա երկրի պատմության մասին: Այս երկրի մասին մտածելիս` առաջինը հիշում եմ մարդկանց բարությունը, մշակութային վայրերը եւ ֆանտաստիկ բնությունը: Միակ երեւույթը, որ ընդհանրապես ինձ դուր չի եկել, ծանր երթեւեկությունն է Երեւանում: Կարծում եմ` Հայաստանը եւ Նորվեգիան մեկ ընդհանուր հատկություն ունեն. երկու երկրներում էլ հավատում են, որ ապագան երեխաների ձեռքերում է: Մենք պարզապես պետք է խրախուսենք նրանց, որպեսզի նրանք դառնան ընկերներ սահմաններից դուրս»,-եզրափակեց Հալֆդեն Թանջենը:

Սյուզի Մուրադյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում