Հասարակական

Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի մրցույթի հաղթողները հայտնի են

2 րոպեի ընթերցում

Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի մրցույթի հաղթողները հայտնի են

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և «Նեյշնլ Ինսթրումենթս-Արմենիա» կազմակերպության կողմից կազմակերպված Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի մրցույթի հաղթողներն արդեն հայտնի են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՁԻՀ-ից, երրորդ մրցանակային տեղն է զբաղեցրել Հասմիկ Բաբայանի (ծածկագիր 37964) նախագիծը՝ արժանանալով 350 հազար ՀՀ դրամ մրցանակի:

Երկրորդ հորիզոնականում հաղթող են ճանաչվել Ստորակետ ճարտարապետական արվեստանոցը (ծածկագիր 28948), ինչպես նաև Աննա Հակոբյանը և Լիլիթ Մարտիրոսյանը (ծածկագիր 78965): Երկրորդ տեղի մրցանակն է 500 հազար ՀՀ դրամ:

Գնահատող հանձնաժողովի մեծամասնության կարծիքով առաջին մրցանակային տեղի համապատասխան նախագիծ չկար, այդ իսկ պատճառով շնորհվել են միայն 2-րդ և 3-րդ տեղի մրցանակներ: Գնահատող հանձնաժողովը բաղկացած էր վեց հոգուց, որոնցից երեքը ճարտարապետական ոլորտի ներկայացուցիչներ էին, իսկ մյուսները՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի:

Մրցույթի նպատակն էր հավաքագրել Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի տարբեր առաջարկներ, հետաքրքիր նորարարական գաղափարներ ու մոտեցումներ:

Ինժեներական քաղաքը բարձր տեխնոլոգիաների ոլորտի բեկումնային զարգացման ծրագիր է, պետական մասնավոր համագործակցություն՝ ուղղված Հայաստանը տարածաշրջանում ինժեներական գիտահետազոտական բացառիկ կենտրոն, հազվագյուտ լուծումների և արտադրանքի դարբնոց դարձնելուն:

Քաղաքը նախատեսվում է որպես ինժեներական ռեսուրս կենտրոն՝ օժանդակելու և՛ գործող ինժեներական կազմակերպություններին մեծացնելու արտադրության ծավալները, և՛ ստեղծելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր կազմակերպություններ:

Մրցույթն իրականացվում էր Հայաստանի ճարտարապետների միության աջակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում