Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Տեղադրվել է ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ Ռոզա Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշաքարը

Տեղադրվել է ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ Ռոզա Մկրտչյանի հիշատակը հավերժացնող 
հուշաքարը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ Ռոզա Հովհաննեսի Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ փակցվեց Մաշտոցի 15 հասցեով շենքին, որտեղ նա ապրել է:

Շուրջ 30 տարի Երևան քաղաքի գլխավոր մանկաբույժի պաշտոնում Ռոզա Մկրտչյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանում արդի մանկաբուժական ծառայության ստեղծման և կայացման գործում: Նրա ջանքերով և անմիջական ղեկավարությամբ են Երևանում հիմնադրվել մանկական հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, ծննդատներ, երեխաների խնամքի կենտրոններ: Մանկական առողջապահության խնդիրներին վերաբերող բազմաթիվ ձեռնարկների և մենագրությունների հեղինակ է:

Հուշաքարի տեղադրման արարողության ժամանակ ելույթ ունեցան ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը, ով իր մասնագիտական գործունեությունն սկսել է Ռոզա Մկրտչյանի անմիջական ղեկավարությամբ: «Նա իր գիտական և մասնագիտական աշխատանքով մեծ ներդրում է ունեցել Հայաստանում մանկաբուժության զարգացման համար, հատկապես ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Բաբլոյանը՝ հիշելով Մկրտչյանին:

 Ընտանիքի անունից շնորհակալական խոսք է հայտնել Մկրտչյանի դուստր, Հայաստանում մանկական աուդիոլոգիական ծառայության ղեկավար, վատ լսող և խուլ երեխաների «Հավատ» կազմակերպության հիմնադիր-նախագահ Թամարա Մանուկյանը:  Նա Մկրտչյանին նկարագրեց իբրև գործին լիովին նվիրված անձնավորություն: «Շատերն ասում են, որ նա պահանջկոտ էր նախ իր նկատմամբ, ապա մնացած աշխատակիցների, սակայն նա բոլորի մեր ջերմ հուշեր է թողել»,- ասաց Մանուկյանը: Նա հավելեց, որ մայրը սկզբում եղել է գործող բժիշկ, բայց հետո անցել է կազմակերպչական գործունեության:

Ռոզա Մկրտչյանի հիշատակը հավերժացնելու որոշումը կայացրել է Երևանի ավագանին ս.թ. փետրվարի 9-ի իր նիստում` «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Հուշատախտակի հեղինակն է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Լևոն Իգիթյանը:

 Ռոզա Հովհաննեսի Մկրտչյանը ծնվել է 1923 թվականի սեպտեմբերի 25-ին, Թբիլիսիում և 1942 թվականին տեղափոխվել է Երևան: 1965 թ. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Ռոզա Մկրտչյանին շնորհվել է Հայկական ԽՍՀ վաստակավոր բժշկի պատվավոր կոչում: 1961 և 1963 թվականներին պարգևատրվել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատվոգրերով

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am