Հասարակական

Ջրվեժի ինժեներական քաղաքի հասցեն հայտնի է, հայտարարվել է ճարտարապետական հայեցակարգերի մրցույթ

7 րոպեի ընթերցում

Ջրվեժի ինժեներական քաղաքի հասցեն հայտնի է, հայտարարվել է ճարտարապետական հայեցակարգերի մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի է Ջրվեժ թաղամասում կառուցվելիք ինժեներական քաղաքի տեղակայման վայրը, հայտարարվել է քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի մրցույթ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղակացավ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հաղորդագրությունից, քաղաքը տեղակայվելու է Մոլդովական փողոցի և Գառնիի ճանապարհի միջև գտնվող (Բագրևանդի փողոց) 3.0 հա մակերեսով հողամասի վրա: Մրցույթի նպատակն է հավաքագրել Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի տարբեր առաջարկներ, հետաքրքիր նորարարական գաղափարներ ու մոտեցումներ:

Մասնակցության հայտեր ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցվել` [email protected]ին ուղարկելով լրացված Ձևաթուղթը:Մրցույթը իրականացվում է Հայաստանի ճարտարապետների միության աջակցությամբ:

Նախագիծն իրականացվում է «Նեյշնլ Ինսթրումենթս-Արմենիա» կազմակերպության կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի աջակցությամբ:

Գաղափարը

Ինժեներական քաղաքը բարձր տեխնոլոգիաների ոլորտի բեկումնային զարգացման ծրագիր է, պետական մասնավոր համագործակցություն՝ ուղղված Հայաստանը տարածաշրջանում ինժեներական գիտահետազոտական բացառիկ կենտրոն, հազվագյուտ լուծումների և արտադրանքի դարբնոց դարձնելուն: Քաղաքը նախատեսվում է որպես ինժեներական ռեսուրս կենտրոն՝ օժանդակելու և՛ գործող ինժեներական կազմակերպություններին մեծացնելու արտադրության ծավալները, և՛ ստեղծելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր կազմակերպություններ:

Մասնակցության պայմանները

Մրցույթին կարող են մասնակցել և ֆիզիկական անձինք՝ ուսանողներ, անհատ ճարտարապետներ և խմբեր, ինչպես նաև իրավաբանական անձինք` ճարտարապետական նախագծման կազմակերպություներ: Մրցույթն անցկացվում է մեկ փուլով: Մրցույթի հայտարարության պահից 44 օրացույցային օրվա ընթացքում, մինչև 2016թ հուլիսի 1-ը մրցութային նախագիծը պետք է ուղարկել [email protected] էլ. հասցեով կամ էլեկտրոնային կրիչի վրա ներկայացնել ՁԻՀ-ի գրասենյակ՝ Հովսեփ Էմին 123: Աշխատանքը պետք է ներկայացնել առավելագույնը 28 MB ծավալով, PDF ձևաչափով, ինչպես նաև առավելագույնը 2 MB ծավալով, JPG ձևաչափով:

Ցուցահանդեսին ցուցադրվող նախագծերը պետք է լինեն տպագրված: Հայաստանյան մասնակիցները պետք է ներկայացնեն տպագրված, գծատախտակի վրա ամրացված նախագծի օրինակը: Արտասահմանյան մասնակիցների աշխատանքների տպագրությունը կիրականացնի մրցույթի կազմակերպիչը:

Ժամկետի ավարտից հետո հանձնաժողովը գնահատելու է նախագծերը, որից հետո ըստ ստացված արդյունքների, մրցանակները շնորհվելու են առավելագույն միավորներ հավաքած երեք մասնակիցներին: Անկախ մրցույթի արդյունքներից՝ կազմակերպիչները իրավունք ունեն պատվիրել նախագծային փաթեթը մասնակից և ոչ մասնակից ճարտարապետական խմբերին:

Հայեցակարգային հիմնադրույթներն ու նախապայմանները

Քաղաքը զբաղեցնում է 3.0 հա մակերեսով հողամաս (տարածքի կադաստրային և տեղագրական հանույթները տրամադրվելու են մրցույթի փաթեթի հետ)։ Այս տարածքում նախատեսվում է ունենալ՝ ա) Ինժեներական աքսելերատորի և համատեղ աշխատանքային տարածքի (CoWorking Space) շենք և բ) շուրջ 35 գրասենյակային շենքեր:

Ինժեներական քաղաքում

Ինժեներական աքսելերատորի և համատեղ աշխատանքային տարածքի (CoWorking Space) շենքի հարակից տարածքները զբաղեցնելու են 2000 քմ մակերես, շենքը պետք է ունենա մոտ 4.000 քմ (քառակուսի մետր) մակերես, լինի առավելագույնը չորսհարկանի:

Այդ շենքին ներկայացվող նվազագույն գործառնական պահանջներն են.

հանդիպումների սենյակներ (3 հատ, 15-50 հոգու համար)

դահլիճ (150 նստատեղով, բազմաֆունկցիոնալ)

հաստոցների, դասընթացների և այլ ինժեներական լաբորատորիաներ (շուրջ 700 քմ),

գրասենյակային տարածքներ

ճաշարան (շուրջ 100 հոգու համար):

Ցանկալի է, որ այն կապված լինի Ինժեներական կենտրոնի շենքի հետ, քանի որ շենքում տեղակայված ռեսուրսային լաբորատորիաներ ևս կան:

2.Տարածքի մնացած մասը նախատեսվում է բարեկարգել, առավելագույնս կանաչապատել, կառուցել ճանապարհներ, կայանատեղիներ, բաժանել շուրջ 35 հողակտորների կազմակերպությունների համար առավելագույնը 2 հարկանի, գրասենյակային շենքերի համար։ Շենքերը կարող են լինել շուրջ 200, 300 քմ հիմքով, նկուղային հարկի հնարավորությամբ, համապատասխանաբար տարբեր գնային կատեգորիաների։ Շինությունների տանիքները ցանկալի է լինեն հարթ, օգտագործելի: Շենքերի վրա նախատեսվում է տեղադրել անվանական ցուցանակներ, այնպես, որ տեսանելի լինեն փողոցից: Ցանկալի է, որ շենքերը ունենան կենտրոնական ճաշարան, որտեղ տարբեր շենքերում աշխատող մարդիկ կարող են հանդիպել: Նմանատիպ կենտրոնական վայրում նաև կարող է լինել հանդիպումների սրահը: Ներքին փողոցները լինեն տարբեր նշանակության, հնարավոր հեծանվային և սեգուեյով երթևեկության համար: Յուրաքանչյուր շենքի մոտ պետք է լինի առնվազն 1 մեքենայի կայանատեղի, փողոցները պետք է ապահովեն հասանելիություն դեպի բոլոր շենքեր: Քաջալերվում են բացօթյա սպորտային տարածքի առաջարկները:

Հայեցակարգային նախագիծը պետք է ներառի կապը քաղաքի և հարակից ճանապարհով բաժանված այն հողակտորի հետ, որտեղ տեղակայված են Ինժեներական կենտրոնը, Գրադարանի շենքը, Տեխնոլոգիական թանգարանի շենքը:

Մրցանակ

Մրցույթում հաղթող հայեցակարգերի համար նախատեսված են երեք մրցանակային տեղեր:

Առաջին տեղ՝ 900.000 ՀՀ դրամ

Երկրորդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ

Երրորդ տեղ՝ 350.000 ՀՀ դրամ

Մրցանակային գումարները ներառում են հարկերը: Մրցույթում հաղթող նախագծերը համարվելու են ՁԻՀ սեփականությունը, և կազմակերպությունը պարտավորված չէ ապագայում նախագծման աշխատանքներում ներգրավվել հաղթողներին: Ներկայացված հայեցակարգերը կցուցադրվեն Հայաստանի ճարտարապետների միության շենքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում