Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Երևանում ստորագրել են Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի ձևավորման ճանապարհային քարտեզը

Երևանում ստորագրել են Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի ձևավորման 
ճանապարհային քարտեզը

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի էներգետիկայի նախարարությունների ղեկավարների հանդիպումը` նվիրված էլեկտրաէներգետիկական ոլորտում տարածաշրջանային համագործակցությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Վրաստանում նախատեսված հանդիպումը անցկացվել է Հայաստանում, որին մասնակցում էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը, ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչյանը, Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Իլյա Էլոշվիլին:

Հանդիպման ավարտին ստորագրվեց Հյուսիս-հարավ էլէկտրաէներգետիկական միջանցքի ձևավորման նախաձեռնության իրականացման նպատակով անհրաժեշտ ճանապարհային քարտեզը:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանի խոսքով` ստորագրված փաստաթուղթը կարևոր է նրանով, որ նշում է անելիքների ժամանակացույցն ու պատասխանատուներին: «Մինչև 2019 թվականը կունենանք էլեկտրահաղորդման գծերը, որոնց մի մասի կառուցումն արդեն սկսվել է, մյուս մասինն էլ մոտակա ժամանակահատվածում կսկսվի, որպեսզի իրական դառնա ռեգիոնալ համագործակցությունը էներգետիկայի ոլորտում»,-ասաց Արեգ Գալստյանը` հավելելով, որ աշխատանքների բնականոն ընթացքի դեպքում արդեն 2019 թվականից կօգտագործվեն կառուցվող էլեկտրահաղորդման գծերը:

Փոխնախարարի խոսքով` ծրագրի իրականացման դեպքում հնարավոր կլինի երկրների միջև ապահովել էլեկտրաէներգիայի ինչպես սեզոնային փոխհոսքեր, այնպես էլ փոխանակում:

«Հայաստան-Իրան երկշղթա 400 Կվտ գծի աշխատանքները սկսված են, ֆինանսավորման խնդիրներ չկան: Մինչև 2018-ի վերջ գիծը լարման տակ պետք է դնենք ու հարավ ուղղությամբ էլեկտրաէներգիայի փոխհոսքերը նախատեսվում է հասցնել ընդհուպ մինչև 1200 Մվտ հզորության։ Ինչ վերաբերում է դեպի հյուսիս` Վրաստան ուղղությանը, ապա մենք արդեն ընտրել ենք խորհրդատվական ընկերությանը, որ պատրաստում է մրցութային փաթեթ, ըստ որի կընտրենք նաև գլխավոր կապալառուին, որն էլ կիրականացնի ծրագիրը: Երկու փուլի համար գումարները կան, կկառուցենք գիծն ու ենթակայանները»,-նշեց Արեգ Գալստյանը:

Քառակողմ ծրագրով նախատեսվում է մինչև 2018 թվականի վերջ 2019-ի սկիզբ շահագործման հանձնել Հայաստան-Վրաստան 400/500 կՎ էլեկտրահաղորդման գիծն ու հաստատուն հոսանքի ներդիրով ենթակայանը։ Դրա արդյունքում կապահովվի Վրաստանի էներգետիկ համակարգի հետ զուգահեռ ասինխրոն ռեժիմում աշխատանքի հնարավորություն և էլեկտրաէներգիայի փոխհոսքի հզորությունը  առաջին փուլում կկազմի 350 Մվտ` մինչև 2021 թվականը հասնելով 700 Մվտ-ի: Մինչ նշյալ ժամկետը նախատեսվում է շահագործման հանձնել նաև Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման երկշղթա գիծը։ Այն թույլ կտա Իրանի հետ էլեկտրաէներգիայի փոխհոսքերը հասցնել ընդհուպ մինչև 1200 Մվտ հզորության։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am