Քաղաքականություն

ՀՀԿ-ն Անդրանիկ Մարգարյանի անունը կրող քաղաքական դպրոց կհիմնի

2 րոպեի ընթերցում

ՀՀԿ-ն Անդրանիկ Մարգարյանի անունը կրող քաղաքական դպրոց կհիմնի

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում մի քանի ներկուսակցական որոշումներ են ընդունվել: Կուսակցության ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ գործադիր մարմինը որոշել է, որ ՀՀԿ-ն քաղաքական դպրոց է հիմնելու: «Գործադիր մարմինը որոշել է ստեղծել քաղաքական դպրոց, ինչպես ընդունված է մի շարք եվրոպական երկներում, որ առաջատար կուսակցություններն ունենում են քաղաքական դպրոց: Մենք էլ կունենանք նման դպրոց, որը կկրի ՀՀԿ երջանկահիշատակ նախագահ Անդրանիկ Մարգարյանի անունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

ՀՀԿ գործադիր մարմինը նաև որոշել է, որ կուսակցությունը պետք է ունենա արտաքին կապերի հանձնաժողով: «Սա կնշանակի, որ մեր կուսակցությունը մեծ նշանակություն է տալու միջկուսակցական կապերի ամրապնդմանը թե՛ ԵԺԿ-ի, թե եվրոպական այլ կուսակցությունների, թե ՌԴ-ում քաղաքական մեծամասնություն կազմող «Միացյալ Ռուսաստան»-ի հետ»,- հավելեց Շարմազանովը:

Նիստի ընթացքում որոշվել է, որ կուսակցության ծրագիրը պետք է ենթարկվի փոփոխությունների: «Ես արդեն ասել եմ, որ մենք աշնանը անցկացնելու ենք հերթական համագումարը: Քանի որ մեր ծրագիրը գրվել է 2006թ. և դրանից հետո փոփոխությունների չի ենթարկվել, մենք քննարկել և եկել ենք եզրահանգման, որ այնտեղ որոշակի փոփոխություններ են պետք: Այսօր նիստի ընթացքում որոշել ենք համագումարի քննարկմանը ներկայացնել այդ փոփոխությունների վերաբերյալ նախագիծ»,- եզրափակեց ՀՀԿ խոսնակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում