«Զվարթնոց»-ն ավելի որակյալ ծառայություններ է մատուցում, քան Թբիլիսիի օդանավակայանը. Թամազ Գաիաշվիլի
3 րոպեի ընթերցում
![«Զվարթնոց»-ն ավելի որակյալ ծառայություններ է մատուցում, քան Թբիլիսիի օդանավակայանը. Թամազ Գաիաշվիլի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/03/838753.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ավիաշուկա մուտք գործել պատրաստվող ընկերության հիմնադիրներըԵրևանի «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկումն ավելի բարձր են գնահատում, քան Թբիլիսիինը: «Թբիլիսիի միջազգային օդանավակայանի մատուցած ծառայությունների արժեքը նույնն է, ինչ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանինը, բայց «Զվարթնոց»-ն ավելի որակյալ ծառայություններ է մատուցում: Գները պրակտիկորեն նույնն են, բայց Երևանի օդանավակայանը որակապես ավելի լավն է, քան Թբիլիսիինը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Արմենիա» ավիաընկերության բաժնետեր Թամազ Գաիաշվիլին:
Նորաստեղծ ընկերությունը մուտք է գործում հայկական ավիացիոն շուկա և պատրաստվում է ապրիլի 21-ից իրականացնել կանոնավոր չվերթներ: Ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում է Աշոտ Թորոսյանին, 25 տոկոսը` Ռոբերտ Հովհաննիսյանին, իսկ 24 տոկոսը` Թամազ Գաիաշվիլիին:
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, որը հանդիսանում է դեպի Հայաստանի Հանրապետություն օդային գլխավոր դարպասը, սկսել է գործել դեռևս 1961 թվականից: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը սպասարկում էր միայն նախկին Խորհրդային Միության տարածքում չվերթներ իրականացնող ինքնաթիռներին: 1985թ. ICAO-ի կողմից օդանավակայանին շնորհվել է երկրորդ կարգ: Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության և արգենտինյան «Corporacion America» ընկերության միջև կնքված Կոնցեսիոն պայամանգրի` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 2002թ. հունիսից 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին: Այս ընթացքում իրավիճակի բարելավման ուղղությամբ ծավալուն աշխատանքներ են իրականացվել: Օդանավակայանը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար ամբողջությամբ վերանորոգվել է օդանավակայանի թռիչքուղին, տեղադրվել են անվտանգության, տեղեկատվական և հաշվառման համակարգեր, կառուցվել է ուղևորային նոր համալիր: Նոր 52.000 քմ համալիրում կրկնապատկվել են ուղևորների հաշվառման սեղանները, զննման կետերը: Կառուցվել է նոր ստորգետնյա ավտոկայանատեղի: Ուղևորային նոր համալիրը շահագործման է հանձնվել 2011թ. աշնանը:
Նոր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ապահով, մրցունակ և գործող օդանավակայան է, որով կարող է հպարտանալ ողջ աշխարհի հայությունը: