Հասարակական

Քաղաքաշինության նախարարությունը անդրադարձել է Թամանյանի անվ. ազգային թանգարան-ինստիտուտի ստեղծման հարցին

3 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության նախարարությունը անդրադարձել է Թամանյանի անվ. ազգային թանգարան-ինստիտուտի ստեղծման հարցին

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության նախարարությունն անդրադարձել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի անվան ու Ճարտարապետության ազգային և Ալ. Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտները առաջիկա միավորմամբ «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ»-ի ձևավորման հարցի շուրջ ծագած աղմուկին։ «Արմենպրես»-ին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից փոխանցած հարղորդագրությունում նշված է.

«Վերջին օրերին անիմաստ աժիոտաժ է ստեղծվել ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի անվան շուրջ: Խնդիրը շատ պարզ է՝ ի շահ Ալեքսանդր Թամանյանի է և ի շահ հայ ճարտարապետության հավուր պատշաճի ներկայացման ու հանրահռչակման, ՀՀ քաղաքաշինության նախարարության ՊՈԱԿ հանդիսացող երկու՝ Ճարտարապետության ազգային և Ալ. Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտները առաջիկայում կմիավորվեն՝ արդյունքում ձևավորելով «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ»-ը:

Այդ կերպ՝ թանգարանային ոչ բավարար պայմաններ ունեցող երկու հաստատությունները միավորելով հնարավոր կլինի ստեղծել մեկ թանգարան, որը կունենա և մշտական ցուցադրություն, և միաժամանակ ցուցահանդեսներ, սեմինարներ և մասնագիտական վարպետաց դասեր կազմակերպելու սրահ, ի հավելումն՝ ֆոնդերի պայմանները կբարելավվեն:

Բնականաբար, Ալեքսանդր Թամանյանի ժառանգությամբ մտահոգ և թանգարանային գործին գիտակ մարդկանց այսօրինակ գաղափարը կուրախացնի միայն:

Ցավոք, որոշների նպատակը չեղած տեղից մեծ աղմուկ սարքելն է և լավ գաղափարի վրա ստվեր ձգելը: Այդ նպատակը հետապնդողներն են, որ նամակներ հեռվից զրպարտչական ծրագրի իրականացմամբ փորձում են թյուրիմացության մեջ գցել մի կողմից Թամանյանի լոնդոնաբնակ թոռանը, ով երբեք չի եղել Թամանյանի թանգարան-ինստիտուտում, մյուս կողմից՝ ապակողմնորոշել խնդրո առարկա թանգարանի բազում պրոբլեմներին անտեղյակ հանրությանը:

Մեկ բան հստակ է՝ Ալեքսանդր Թամանյանի պատկառելի տարիք ունեցող թոռան՝ Գագիկ Թամանյանի հայաստանյան տեղեկատուները ոչ միայն մտահոգ չեն նրա ժառանգության պահպանմամբ և ներկայացմամբ, այլև Թամանյանի հղացած և ստեղծած կառույցները սերունդներին սրտացավորեն փոխանցողների և պահպանողների դեմ են գործում:

Ճարտարապետական ժառանգության (այդ թվում՝ Ալեքսանդր Թամանյանի) պահպանությունը յուրաքանչյուրի պարտքն է, ինչն այսօր եղած հնարավորությունների մեկտեղման միջոցով՝ թանգարանային պայմանների բարելավմամբ փորձում է հավուր պատշաճի իրականացնել քաղաքաշինության նախարարությունը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում