Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Հայաստանը միացել է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային արշավին

Հայաստանը միացել է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի 
համաշխարհային արշավին

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը միացել է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային արշավին, որը կընթանա «Հակաբիոտիկներ. կիրառել պատշաճ» կարգախոսի ներքո:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ նոյեմբերի 16-22-ն մեկնարկում է հակաբիոտիկների ճիշտ օգտագործման համաշխարհային շաբաթը:

«Տարբեր երկրներում իրականացվելու են միջոցառումներ հակաբիոտիկների ճիշտ օգտագործման հետ կապված: Հայաստանը ևս միացել է արշավին: Հակաբիոտիկները կարևոր և արժեքավոր ռեսուրս են: Շաբաթը կազմակերպվել է իրազեկման բարձրացման ուղղությամբ, դրա թիրախը պետք է լինեն մեր քաղաքացիները, ովքեր օգտագործում են հակաբիոտիկներ: Մի շարք միջոցառումներ` սեմինարներ, ժողովներ, քննարկումներ կանցկացվեն, հակաբիոտիկների օգտագործման մասին նյութեր ենք տրամադրելու: Կարծում եմ, որ այս միջոցառումները լուրջ արդյունք կտան»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Սերգեյ Խաչատրյանը:

Նրա խոսքով` վերջին տարիներին դաշտում զգալի փոփոխություն կան: «Ցավոք, ոչ միայն Հայաստանում, այլև այլ երկրներում շատ հեշտ կարելի է ձեռք բերել հակաբիոտիկներ: Մենք կարգավորելու մեծ անհրաժեշտություն ունենք և այդ ճանապարհին ենք: Մեր նպատակն իրազեկվածության բարձրացումն է: Կոչ ենք անում քաղաքացիներին, որ չի կարելի փորձի համար գնալ դեղատուն և ձեռք բերել հակաբիոտիկ»,-նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Գայանե Ղուկասյանը շեշտեց, որ հակաբիոտիկները թեև արժեքավոր հումք են, բայց պետք է կիրառվեն զգուշությամբ:

«Դրանք պետք է նշանակվեն և կիրառվեն միայն անհրաժեշտության դեպքում: Ոչ պատշաճ, չափից ավելի օգտագործումը հանգեցնում է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության, որը լուրջ վտանք է ներկայացնում: Կոչ ենք անում, որ հիվանդն անհրաժեշտության դեպքում կիրառի հենց իրեն նշանակված հակաբիոտիկը»,-ընդգծեց նա:

Հակաբիոտիկները կարևոր և արժեքավոր ռեսուրսն են, այդ պատճառով «Հակաբիոտիներ. կիրառել պատշաճ» կարգախոսն արտացոլում է հակաբիոտիկների  ճիշտ, միայն բժշկի  նշանակմամբ օգտագործումը:  Ներկայումս լուրջ հիմնախնդիր է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը: Հակամանրէային դեղերի նկատմամբ մանրէների կայունությունն աճում է, իսկ ստեղծվող նոր հակամանրէային դեղերի թիվը շատ քիչ է:

Վարակիչ հիվանդությունները արդեն տասնամյակներ բուժելի են: Սակայն հակաբիոտիկների ոչ պատշաճ օգտագործումը նպաստում է դրանց նկատմամբ կայուն մանրէների առաջացմանը: Եթե չձեռնարկվեն միջոցներ, աշխարհը կթևակոխի «հետհակաբիոտիկային դարաշրջան», երբ մարդկությունը կունենա նոր ձևավորված դեղակայուն վարակներ, բայց չի ունենա անհրաժեշտ հակաբիոտիկներ, հետևաբար նշանակված բուժումը կդառնա անարդյունավետ:

ԱՀԿ հաշվարկներով` եթե չիրականցվեն համապատասխան միջոցառումներ,  2050  թվականին աշխարհում կգրանցվի տարեկան մոտ 10 մլն մահվան դեպք, իսկ տնտեսական վնասը կկազմի մոտ 100 տրլն դոլար:

Հակամանրէային դեղերի նկատմամբ մանրէների կայունությունը նաև սննդի անվտանգության խնդիր է,  քանի որ անասնաբուժության մեջ հակամանրէային դեղերը կիրառվում են ոչ միայն բուժական, այլև կանխարգելման նպատակներով, իսկ որոշ երկրներում նաև աճը խթանելու համար, և դեղակայուն մանրէները կարող են  կենդանիներից անցնել մարդուն` սննդային շղթայի միջոցով:

«Միացի'ր աշխարհում առաջին անգամ անցկացվող հակաբիոտիկների մասին իրազեկման շաբաթին» միջոցառման նպատակն է երկրներում անցկացվող քարոզարշավների միջոցով հանրության շրջանում բարձրացնել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության վերաբերյալ իրազեկումը: Բարձրաձայնել, որ հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը համաշխարհային առողջապահության համար արդիական հիմնախնդիր է` հակաբիոտիկների պատշաճ օգտագործման շնորհիվ միայն հնարավոր կլինի պահպանել դրանց ազդեցությունը: Միաժամանակ, քարոզարշավի միջոցով անհատների, առողջապահության և գյուղատնտեսության ոլորտի մասնագետների, ինչպես նաև կառավարության ուշադրությունը կհրավիրվի մանրէների հակաբիոտիկների կայունության դեմ պայքարի խնդրին, ինչը կնպաստի մոտեցումների փոփոխմանը:

Աշխարհի պետությունների միայն մեկ քառորդն այսօր ունի հակաբիոտիկների կայունության դեմ պայքարի ազգային ծրագրեր` ուղղված հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության խնդրին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am