Պաշտոնական

Հայաստանը կարևորում է ֆրանկոֆոն ընտանիքի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը. ՀՀ վարչապետ

3 րոպեի ընթերցում

Հայաստանը կարևորում է ֆրանկոֆոն ընտանիքի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար տիկին Միկայել Ժանի գլխավորած պատվիրակությանը, ով Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ կառավարության ղեկավարը կարեւորել է Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի անցկացումը մեր երկրում եւ ընդգծել, որ Հայաստանը բարձր գնահատում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) հետ համագործակցությունը, որը հիմնված է ֆրանկոֆոն համընդհանուր արժեքների՝ լեզվամշակութային բազմազանության, ֆրանսերեն լեզվի, ինչպես նաև խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների խրախուսման ու զարգացման վրա: Կառավարության ղեկավարը նշել է, որ 2012 թվականից անդամակցելով Ֆրանկոֆոնիային՝ Հայաստանը կարևորում է ֆրանկոֆոն մեծ ընտանիքի մաս կազմող երկրների հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը։

Միկայել Ժանը շնորհակալություն է հայտնել վարչապետին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 31-րդ նախարարական համաժողովը Հայաստանում բարձր մակարդակով կազմակերպելու համար և ընդգծել, որ ՖՄԿ-ն շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու հարցում: Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը մանրամասներ է ներկայացրել համաժողովի աշխատանքների և արդյունքների մասին՝ այդ համատեքստում կարևորելով հետագա համագործակցության ընդլայնումը: Տիկին Ժանը նշել է, որ համաժողովն անցկացվել է «Հանդուրժողականությունը ֆրանկոֆոն տարածքում» խորագրի ներքո, որին մասնակցել են Ֆրանկոֆոնիայի անդամ և դիտորդ 80 պետությունների պատվիրակություններ: Քննարկվել են մի քանի բանաձևերի նախագծեր, այդ թվում՝ ցեղասպանության կանխարգելման, հանդուրժողականության, երիտասարդության և միգրացիայի, կլիմայափոփոխության հարցերի վերաբերյալ:

Վարչապետ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել տիկին Ժանին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին հատուկ հայտարարությամբ հանդես գալու, ինչպես նաև այս օրերի ընթացքում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար, ինչը ֆրանկոֆոն համերաշխության ևս մեկ դրսևորում է։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և այդ հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին Ֆրանկոֆոնիայի կողմից ցուցաբերված լիակատար աջակցությանը:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում