Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սիրիահայ և իրաքահայ հարյուրավոր փախստականներ Կանադայում են առանց կարգավիճակի

Սիրիահայ և իրաքահայ հարյուրավոր փախստականներ Կանադայում են առանց 
կարգավիճակի

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին 5 տարում Կանադայում բնակություն է հաստատել 500 սիրիահայ ընտանիք և 4 հազար իրաքահայ: Հարյուրավոր այլ փախստականներ դեռ սպասում են իրենց դիմումների ընդունման գործընթացի ավարտին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց Հայ-կանադական պահպանողական ընկերության փոխնախագահ Սևան Հաջինյանը: Նրա խոսքով՝ հայերը գաղթում են Կանադա հիմնականում այսպես կոչված Հովանավորչական պայմանագրերի միջոցով, ինչը նշանակում է, որ որևէ կազմակերպություն, ընտանիքի անդամ կամ ծանոթ պայմանագրով պատասխանատվություն է ստանձնում իր վրա վերցնել փախստականի մեկ տարվա կեցությունն այդ երկրում:

Կանադայում Սիրիայի և Իրաքի հայ փախստականներին աջակցություն են ցուցաբերում երեք հայկական կառույցներ՝ «Հայ տունը» Մոնրեալում, Հայ համայնքի կենտրոնը և Սուրբ Երրորդություն եկեղեցին Տորոնտոյում. դրանք օգնում են կարիքավոր ընտանիքներին տուն վարձել, աշխատանք և երեխաների համար դպրոցներ գտնել:

Իսկ բոլորովին վերջերս Կանադայի կառավարության Քաղաքացիության և ներգաղթի վարչությունը հայտարարեց, որ կառավարությունը նախատեսում է մինչև 2016 թվականի սեպտեմբերն ընդունել 10 հազար սիրիացի փախստականի և մինչև 2015 թվականի ավարտը վերաբնակեցնել 23 հազար իրաքցիների: Այս կերպ կառավարությունը 15 ամիս շուտ կավարտի սիրիացի փախստականների օգնությանն ուղղված նախագիծը, որն առաջ էր քաշել վարչապետ Ստեֆան Հարփերը:

2011 թ. Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկումից հետո մոտ 9 միլիոն սիրիացիներ են տեղահանվել՝ գաղթելով այլ երկրներ կամ Սիրիայի այլ շրջաններ: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ ավելի քան 3 միլիոնը գաղթել են հարևան երկրներ՝ Թուրքիա, Լիբանան, Հորդանան և Իրաք, այնինչ  ընդամենը 150 հազարն է օթևան գտել եվրոպական երկրներում:

Հայաստանի Հանրապետության կառավարության տվյալներով` հակամարտության սկզբից ի վեր Սիրիայի 17 հազար քաղաքացի է ժամանել Հայաստան, որոնք մեծամասամբ էթնիկ հայեր են: 2015թ. հուլիս դրությամբ նրանցից մոտավորապես 13 հազարը մնացել և պաշտպանություն են գտել Հայաստանում: The Economist-ի հրապարակած տվյալների համաձայն՝  Հայաստանն ամենաշատ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ եվրոպական երկիրն է՝ Գերմանիայից և Շվեդիայից հետո:

ՀՀ կառավարությունը նրանց տրամադրում է պարզեցված կարգով քաղաքացիության ձեռքբերման հնարավորություններ (15 հազար անձ ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն), ապաստանի դիմումների արագացված քննում և արագացված կարգով մուտքի վիզաներ, միջին և երկարատև կացության կարգավիճակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am