Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Կամերային երաժշտական թատրոնն աշնանային թատերաշրջանում երեք ներկայացում կցուցադրի

Կամերային երաժշտական թատրոնն աշնանային թատերաշրջանում երեք ներկայացում 
կցուցադրի

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր թատերաշրջանը` թարմացված և վերանորոգված թատրոնում. Պետական կամերային երաժշտական թատրոնի աշնանային թատերաշրջանի ընթացքում հանդիսատեսը կդիտի միանգամից երեք նոր ներկայացում: Թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ թեև կառույցն այժմ վերանորոգման փուլում է, բայց մի քանի ամիս շարունակ աշխատակազմը նոր ներկայացումներ է բեմադրում, փորձեր կատարում:

«Ներկայացումները տարաբնույթ են: Իրականացվում են Ստեփան Ջրբաշյանի «Գիքորը» օպերայի, Լեոնարդ Բերնսթայնի «Վեյսթսայդյան պատմություններ» մյուզիքլի, Նահապետ Քուչակի «Հայրեններ»-ի հիման վրա ստեղծվող խորեգրաֆիկ ներկայացման բեմադրական աշխատանքները: Այս երեքի վրա ենք աշխատում, զուգահեռաբար թարմացվում, նորացվում են խաղացանկային ներկայացումները, աշնանային թատերաշրջանը նորացված, թարմացված թատրոնում է լինելու` նոր ներկայացումներով»,- նշեց Վարդան Գրիգորյանը:

Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի խոսքով` այժմ թատրոնը լուրջ վերանորոգման փուլում է, որն ավարտվելու է աշնանը:

«Փոխել ենք ամբողջ լուսային համակարգը, ժամանակակից համակարգ ենք ներդնել` մուտքի դռան լամպերից սկսած` մինչև բեմական լույսերը: Դա մեզ օգնելու է նաև խնայել միջոցներ, որոնք կարելի է ներդնել այլ ուղղություններում: Կունենանք նոր գրիմանոցներ, կարգի են բերվում սանհանգույցները, դեկորացիաների համար պահեստ է կառուցվում և այլն»,-նշեց նա:

Վարդան Գրիգորյանը հավելեց նաև, որ թարմացվում է թատրոնի կայքէջը: «Փորձում ենք այն դարձնել եռալեզու և ավելի հասանելի»,-հավելեց նա:

Հունվարի 29-ին Պետական կամերային երաժշտական թատրոնի և Հայաստանի վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հիմնադրամի միջև ստրոգրված համաձայնագրով և պայմանագրով թատրոնում իրականացվում է էներգախնայողության ծրագիր: Արդյունքում Կամերային երաժշտական թատրոնում ոչ միայն ջերմամեկուսացման աշխատանքներ են կատարվում (արտաքին պատերի, տանիքի), այլև թարմացվում, նորացվում է թատրոնի արտաքին ամբողջ տեսքը, իսկ դռներն ու պատուհաններն էլ փոխարինվում են ժամանակակից եվրոդռներով ու պատուհաններով: Ծրագրի կարևոր նախադրյալներից մեկն էլ թատրոնի լուսային համակարգի նորացումն է՝ լուսադիոդայինով փոխարինելը, ինչը ենթադրում է նախ էլեկտրաէներգիայի ծախսերի 60 տոկոսի կրճատում, ապա լուսային ժամանակակից համակարգի ներդրում` հատկապես բեմի: Այս արդիականացումը հնարավորություն կտա բարձրացնել գործող և նոր բեմադրվելիք ներկայացումների գեղարվեստական որակը, ինչպես նաև կատարել բազմաֆունկցիոնալ լուսային ձևավորում և առավել գրավիչ դարձնել բեմը: Նորոգման աշխատանքներ են կատարվում նաև թատրոնի միջոցներով: Մինչև նոր թատերաշրջանի բացումը նորացվելու է դահլիճի ամբողջ հատակածածկը, կատարվելու է մուտքերի և դահլիճի պատերի, առաստաղի գունային թարմացում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am