Մանկական բեսթսելեր 3/7. Վարկանիշային աղյուսակը համալրվել է նոր գրքերով
ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծն ամփոփում է այս տարվա հուլիս ամսվա ցուցանիշները: «Արմենպրես»-ը որոշել է մանկական գրքերի վարկանիշային աղյուսակն ընթերցողներին ներկայացնել ամիսը մեկ անգամ:
Հուլիսի առաջատարը Շառլ Պերոյի հայտնի «Կոշկավոր կատուն» հեքիաթն է: Այն մանուկների սիրելի հեքիաթներից է, և բազմաթիվ էկրանավորումներ է ունեցել: Երկրորդ հորիզոնականում Պերոյի «Կարմիր գլխարկը» հեքիաթն է: Այն կարծես օրորոցային լինի փոքրիկների համար, հետևաբար քաջ հայտնի է բոլորին:
Գրիմ Եղբայրների սիրված Բրեմենյան երաժիշտների արկածները ներկայացնող համանուն հեքիաթը վարկանիշային աղյուսակի երրորդ հորիզոնականում է:
«Հեքիաթներ բարու և չարի մասին» փոքրիկ ժողովածուն, որն ընդգրկում է երեք հետաքրքիր հեքիաթ, չորրորդն է:
«Բուկինիստ» -ի «Այբոլիտը» հինգերորդ հորիզոնականում է: Այն պատմություն է հանրահայտ բժշկի մասին, ում սիրում են գրեթե բոլոր երեխաները: Հաջորդ հորիզոնականում էլ «Ալվան ծաղիկը» հեքիաթն է:
Քնելուց առաջ հեքիաթներ լսել սիրում են բոլոր փոքրիկները: «Բուկինիստ»-ի «Հեքիաթներ քնելուց առաջ» ժողովածուն, որը յոթերորդ հորիզոնականում է, ներառում է պարտադիր ընթերցելու յուրահատուկ հեքիաթներ:
Ագահ Մեդոկը, Ֆինվարայի կախարդական գավաթը և Հավեյն ասպետի հրաշալի պսակադրությունը կսովորեցնեն տղաներին լինել քաջ, բարի, մեծահոգի և հնարամիտ: Դրանք զետեղված են «Հեքիաթներ տղաների համար» գրքույկում:
Արքայադուստր Լինդան, Կեոնեխ թագավորը և Ոսկեծամիկը հեքիաթները դաստիարակչական են, անչափ հուզիչ և գեղեցիկ: «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» գիրքը իններորդ հորիզոնականում է:
Վարկանիշային աղյուսակը եզրափակում է «Մաշան ու արջը.թռչող ցախավելը» գիրքը: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի հիմք դարձած այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Այն պատմում է փոքրիկ Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Այստեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:
Վարկանիշային աղյուսակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բուկինիստ» (53-74-13) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել դասագրքերը:
Տեղ | Գիրք | Հրատ | Քանակ | |
1 |
Շառլ Պերո «Կոշկավոր կատուն» |
Բուկինիստ | 107 | |
2 |
Շառլ Պերո «Կարմիր գլխարկը» |
Բուկինիստ | 102 | |
3 |
Գրիմ Եղբայրներ «Բրեմենյան երաժիշտները» |
Բուկինիստ | 96 | |
4 | «Հեքիաթներ բարու և չարի մասին» | Բուկինիստ | 92 | |
5 | «Այբոլիտը» | Բուկինիստ | 73 | |
6 | «Ալվան ծաղիկը» | Բուկինիստ | 70 | |
7 | «Հեքիաթներ քնելուց առաջ» | Բուկինիստ | 64 | |
8 | «Հեքիաթներ տղաների համար» | Բուկինիստ | 56 | |
9 | «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» | Բուկինիստ | 52 | |
10 | «Մաշան ու արջը.թռչող ցախավելը» | Բուկինիստ | 44 |
«Մանկական բեսթսելեր»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում