Հասարակական

Երևանում բացվեց բլոկադային Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձան

2 րոպեի ընթերցում

Երևանում բացվեց բլոկադային Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձան

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Վահագն Դավթյանի անվան այգում բացվեց բլոկադային Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձան: Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հուշարձանի հեղինակներ՝ Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, պետերբուրգցի ճարտարապետ Վլադիսլավ Մանաչինսկին, 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ և այլոք:

«Այս հուշարձանը յուրօրինակ նվեր է Հայաստանին, քանի որ Ձեր երկիրը Հայրենական Մեծ պատերազմի դժնդակ օրերին օգնության ձեռք է մեկնել բլոկադայինԼենինգրադի երեխաներին: Լենինգրադի մանկատներից բազմաթիվ երեխաներ իրենց երկրորդ տունն են գտել հենց Հայաստանում: Բացի այդ, մենք այս իրադարձության վերաբերյալ պատմական որոշ փաստաթղթեր կնվիրաբերենք Երևանի քաղաքային թանգարանին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն և հավելեց, որ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Լենինգրադից Հայաստան էր տեղափոխվել ավելի քան 200 երեխա:

Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը նկատեց, որ վերը նշված հուշարձանի բացումը խորհրդանշական բնույթ է կրում, քանի որ առջևում Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակն է: «Հուշարձանը ձուլված է Սանկտ Պետերբուրգում` Հայաստանից բերված սև գրանիտից: Երբ մենք հուշարձանի նախնական տարբերակը ներկայացրեցինք համապատասխան հանձնաժողովի քննարկմանը, այն միանգամից ընդունվեց, քանի որ բլոկադային Լենինգրադի երեխային գրկած հայ կնոջ կերպարով հուշարձանը շատ խորը տպավորություն թողեց վերը նշված հանձնաժողովի նույնիսկ ամենախստապահանջ անդամների վրա»,- ընդգծեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում