Տարածաշրջանային

Ես ազգայնական չեմ, բայց կատարվածը ցեղասպանություն է եղել. Մահչուփյան

2 րոպեի ընթերցում

Ես ազգայնական չեմ, բայց կատարվածը ցեղասպանություն է եղել. Մահչուփյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական, պոլսահայ Էթյեն Մահչուփյանը, ով վերջին շրջանում ոչ հայամետ հայտարարություններով է աչքի ընկնում, հայտարարել է, որ 1915 թվականին տեղի ունեցածը համարում է Ցեղասպանություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, այս մասին Մահչուփյանը խոսել է Լոնդոնում «Հասկանալ փոփոխությունը. Թուրքիայում ԱԶԿ ժամանակաշրջանը» խորագրով կլոր-սեղան քննարկման ժամանակ:

Նա կրկնել է ավելի վաղ Բելգիայում արած հայտարարությունն այն մասին, որ թեպետ հայ է, բայց իրեն օսմանցի է համարում: «Ինչպես ասել էի երեկ, ինձ հայից առավել օսմանցի եմ համարում: Ես ազգայնական չեմ, սակայն 1915 թվականի ցեղասպանության թեմային անդրադառնալիս օգտագործում եմ «Հայոց ցեղասպանություն» եզրույթը: Ես կարծում եմ, որ կատարվածը ցեղասպանություն է եղել, քանի որ կա ցեղասպանության հստակ ձևակերպում և կատարվածը համապատասխանում է այդ ձևակերպմանը: Եթե ձևակերպումը փոխեք, դա կարող է ցեղասպանություն չհամարվել: Շատ մարդիկ ինձ գուցե չհասկանան: Ցեղասպանությունը պատմական ձևակերպում չէ, այն իրավական եզրույթ է»,- նշել է Մահչուփյանը:

Մարտի 27-ին թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականը ասել է, որ իրեն չի հետաքրքրում այն, որ հայերն իրեն «դավաճան» են անվանում: «Ի վերջո, ամեն հայացք ունեցող հայ կա: Շատ հավանական է, որ ինձ այդպես անվանող հայեր էլ կան, սակայն դա կարևորություն չունի»,- հավելել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում