Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Միջազգային հանրությունը քաջատեղյակ է` մարդասպաններին ինչպես են հերոսացնում Ադրբեջանում. Էդվարդ Նալբանդյան

Միջազգային հանրությունը քաջատեղյակ է` մարդասպաններին ինչպես են  
հերոսացնում Ադրբեջանում. Էդվարդ Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Էդվարդ նալբանդյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների գործին և միջազգային հանրության այն պահանջին, որ Հայաստանը մարդասիրական քայլ կատարի և դիվերսանտներին հանձնի Ադրբեջանին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարց ու պատասխանն ամբողջությամբ:

-Արմեն ՌուստամյանՀարցս ուղղված է Ձեզ, պարո՛ն Նալբանդյան: Խոսքը վերաբերում է այն դիվերսիոն խմբին, որը վնասազերծվեց Ղարաբաղում: Ես մտահոգություն ունեմ, որ նորից հարցը տեղափոխվի այլ հարթություն, նենգափոխվի էությունը, որովհետև մենք հստակ գիտենք, թե այս հարցի հետ կապված` Ադրբեջանն ինչպիսի քաղաքականություն է վարում, ամբողջությամբ խնդիրը գլխիվայր շուռ տված է ներկայացնում միջազգային հանրությանը` ասելով, որ գոյություն չունեցող պետությունը դատապարտում է գոյություն չունեցած դատարանով չկատարված հանցագործությունը: Եվ եթե խնդիրը տեղափոխվում է մարդասիրական հարթակ, ինչպես դա ներկայացվում է միջնորդության մեջ, Ադրբեջանն ինքն այդ մարդասիրական հարթակից դուրս է գործում, որևէ մարդասիրական հարթակի մասին խոսք լինել չի կարող, որովհետև, ըստ էության, քաղաքականացվել է, և ամեն ինչ, ինչպես միշտ, տեղավորում է իր քարոզչության շրջանակների մեջ: Եվ եթե մենք ադեկվատ պատասխան չտանք և ադեկվատ ձևով չգործենք, ես տեսնում եմ` քայլեր կատարվում են այդ ուղղությամբ, և շատ քայլեր էլ ճիշտ են կատարվում, բայց, կարծում եմ, պետք է համակարգված այս խնդրին վերաբերվենք: Եվ սա նաև առիթ է, ըստ էության, եթե մենք ուզում ենք բացել, դիմակազերծել Ադրբեջանի կողմից վարվող այս նենգ քաղաքականությունը` գլխիվայր շուռ տալու, հարցերը խեղաթյուրելու, սա, կարծում եմ, նաև հարմար առիթ է, որպեսզի մենք հենց այս օրինակի վրա դա ցույց տանք: Ուրեմն նույն ձևով մենք, կարծում եմ, պետք է պահանջենք, որ իսկապես ճանաչեն, որ ոչ թե գոյություն չունեցող է, այլ հենց գոյություն ունեցող միջազգային սուբյեկտ է, եթե չի ճանաչվել մինչև հիմա, բայց այն դե ֆակտո գոյություն ունեցող անկախ պետություն է, և պարտավոր են դիմել այդ պետությանը: Եվ բացի դրանից, միջնորդները պարտավոր են, առնվազն մեզ դիմելուց առաջ, պահանջել Ադրբեջանից, որպեսզի նա հրապարակավ խոստովանի, որ նրանք հանցագործներ են, երբ պաշտոնական Բաքուն մինչ օրս այդպիսի հայտարարությամբ հանդես չի եկել և դժվար թե հանդես գա: Այս ուղղությամբ ի՞նչ ենք մենք նախատեսում անել:

-Էդվարդ Նալբանդյան. Պարոն Ռուստամյան, մի քանի օր առաջ ադրբեջանցի դիվերսանտների կապակցությամբ արձագանքել եմ։ Վերջիններիս հանցագործությունները, իրենց կողմից կատարված սպանությունները բացահայտված, փաստագրված և ապացուցված են, ներառյալ՝ 17-ամյա պատանու առևանգումը, խոշտանգումը և դաժան սպանությունը։

Միջազգային հանրությունը քաջատեղյակ է, թե մարդասպաններին ինչպես են ընդունում և հերոսացնում Ադրբեջանում, ինչպես դա եղավ տխրահռչակ Սաֆարովի դեպքում, և դա միակ դեպքը չէր։

Բնական է, որ քաղաքակիրթ աշխարհը խոսում է մարդասիրության մասին։ Սակայն ի՞նչ մարդասիրության մասին կարելի է խոսել Արդբեջանի պարագայում։ Ադրբեջանում հայտնված քա՞նի հայազգի քաղաքացիական անձինք են ադրբեջանցիների կողմից ահաբեկիչների ոճով տեսախցիկների առջև նվաստացվել, ապա՝ սպանվել։ Կամ` այդ ի՞նչ մարդասիրությամբ էին առաջնորդվում Բաքվում, երբ մերժում էին միջազգային կառույցների, ներառյալ՝ Կարմիր խաչի, ԵԱՀԿ-ի, եռանախագահների կոչերը` պայմանններ ստեղծել խոցված ուղղաթիռի անձնակազմի աճյունների տարհանման համար։

Էլ չասած, որ Բաքվի «մեծ մարդասերներն» իրենց հատուկ «մարդասիրությամբ» ամեն օր սեփական քաղաքացիներին են խոշտանգում, և հատկապես նրանց, ովքեր խաղաղության, հանդուրժողականության, հաշտեցման և մարդասիրության ջատագով են։

Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանում յուրովի են ընկալում մարդասիրությունը, իսկ դրա իրական դրսևորումները ծառայեցնում են ատելության և այլատյացության խորացման համար։

Սա է իրականությունը, և դրա մասին ես արձագանքել էի: Իմիջիայլոց, այն ասեկոսեները, թե իբր եռանախագահներն այդ հարցը բարձրացրել են Երևան իրենց վերջին այցելության ժամանակ, այդպիսի բան չի եղել: Եռանախագահները մեզ մոտ այդ հարցը չեն բարձրացրել:

-Արմեն Ռուստամյան. Պարո՛ն նախարար, իմ մտահոգությունն այն է, որ Ադրբեջանն այսօր պահանջատիրոջ ձևով է խոսում այդ անձանց վերադարձնելու հարցի հետ կապված, որ նա պահանջում է, որ նրանց վերադարձնեն: Այս ֆոնի վրա, եթե մենք իսկապես հարցի ողջ էությամբ իրականությունը չներկայացնենք և համապատասխան դիվանագիտական լուրջ քայլեր չկատարենք, եթե հանկարծ, Աստված մի արասցե, ես չեմ կարծում, որ մենք այդպիսի քայլի կգնանք` առանց այս ամեն ինչը նկատի ունենալու, վերադարձվի այս խումբը կամ այդ անձինք, դա կնշանակի Ադրբեջանի ամբողջական հաղթանակ քարոզչական դաշտում: Բայց ես կարծում եմ, որ սա հենց լավ առիթ է, որպեսզի մենք այն պայքարը, որը տանում ենք` հակաքարոզչություն մեր դեմ իրականացնելու այս պայքարը, որ Ադրբեջանն սկսել է, սա լավ առիթ է, որ մենք ծրագրավորված իրար հետ իսկապես աշխատենք, և առնվազն, օրինակի համար, նույն տիկինը չփորձի նենգափոխել` ներկայացնելու համար, որ ռազմագերիների փոխանակման նման մի գործողություն է, և որպես մարդասիրական արարք, երբ դա կատարվի, դա կուժեղացնի մեր դիրքերը: Սա այդ դեպքը չէ: Նրանք ռազմագերիներ չեն: Եվ իրերն իրենց անուններով կոչելով` Դուք շատ լավ ասում եք, որ փաստերն ապացուցված են, դատավարությունն ընթացել է ամբողջությամբ բոլոր նորմերին համապատասխան: Բայց այս ամենը մենք գիտենք կամ գիտեն շատ փոքր շրջանակի մարդիկ: Այս ամենն աշխարհին ներկայացնելու մասին եմ ես ասում, մեր ճիշտ որդեգրված, մշակված դիվանագիտությունն իրականացնելու մասին եմ ես ասում: Եվ իսկապես, առաջարկում եմ, որպեսզի մենք, խորհրդարանական դիվանագիտության հարթակն էլ լիարժեք օգտագործելու համար, իրար հետ մշակենք, քննարկենք և գտնենք այն բոլոր հիմնական ասելիքները, ուղղություններն ու թեզերը, որոնք մենք պետք է պաշտպանենք, և մեր պատվիրակությունները պետք է պաշտպանեն միջազգային ատյաններում: Սա է խնդիրը:


-Էդվարդ Նալբանդյան. Պարո՛ն Ռուստամյան, Դուք, ըստ էության, ճիշտ եք, բայց բանը նրանում է, որ, կարծես, Ձեր ուշադրությունից վրիպել է այն, որ, ինչպես հայտնել են արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին դիվերսանտների հանցագործությունների վերաբերյալ բոլոր փաստարկները մանրամասն ներկայացվել են։ Նույնն արվել է նաև արտերկրում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից։ Նաև համապատասխան հայտարարություններ են եղել։

Ես կխնդրեի զգույշ լինել ձևակերպումներում, քանի որ երբ դուք ասում եք՝ «տիկինը ասաց այս և այս»։ Այդ ձևակերպումները չեն հնչել, ինչպես Դուք եք ներկայացնում։ Նայե՛ք, թե ինչպես է ասվել։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am