Իրավունք

Հայկական և ռուսական կողմերը լիակատար փոխըմբռնում ունեն Պերմյակովին օրենքի ողջ խստությամբ պատժելու հարցում

3 րոպեի ընթերցում

Հայկական և ռուսական կողմերը լիակատար փոխըմբռնում ունեն Պերմյակովին օրենքի ողջ խստությամբ պատժելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում տեղի ունեցած սպանության հարցում հայկական և ռուսական կողմերը փոխըմբռնում ունեն այն հարցում, որ հանցագործի դատավարությունը պետք է լինի բաց և թափանցիկ, իսկ նա պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ: Այս մասին հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:Անդրադառնալով դիտարկմանը, թե Հայաստանի իշխանություններին մեղադրում են Գյումրիի սպանության դեպքին ոչ համարժեք արձագանքելու մեջ՝ նախարարը հիշեցրեց, որ այդ սարսափելի հանցագործության օրը ՀՀ Նախագահը սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների հետ, տվել հանձնարարականներ: «Հայաստանի Հանրապետության Նախագահը կարևորել է ամենասեղմ ժամկետներում դեպքի բացահայտումը և մեղավորներին օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելը: Մեր իրավապահ մարմինները պարբերաբար տեղեկություններ են տրամադրում իրենց գործողությունների մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը:

Նա ընդգծեց, որ հայկական կողմը պատշաճ համագործակցություն է հաստատել Ռուսաստանի գործընկերների հետ: «Շփումներ են եղել ամենաբարձր մակարդակով, հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Ռուսաստանի նախագահները: Եղել են շփումներ նաև տարբեր մակարդակներում: Եվ կարող եմ ասել, որ այս հարցում լիակատար փոխըմբռնում կա կողմերի մոտ, որ դատավարությունը պետք է լինի բաց և թափանցիկ, իսկ հանցագործը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ»,- եզրափակեց նախարարը:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում