Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Հայկական օժիտին բնորոշ իրերն ամփոփվել են մեկ ցուցահանդեսում


ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Հովհաննես Թումանյանի թանգարանում բացվեց «Օժիտ. ժանյակազարդ հուշեր ծննդավայրից» ցուցահանդեսը: Հայկական ավանդական օժիտի տարրերն ամփոփող ցուցահանդեսին ներկայացված է 19-րդ դարի վերջին և մեր օրերում ստեղծված հագուստեղեն, տարբեր ձեռագործ իրեր, բարձեր, ծածկոցներ, սփռոցներ, հին լուսանկարներ և այլն:

Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը ցուցահանդեսի բացմանըմ նշեց, որ ցուցահանդեսը կազմակերպելիս մտածում էին, որ այն չլինի ստանդարտ և սովորական:

«Որոշեցինք Ցեղասպանության էությունը ներկայացնել մի քանի կանանց ճակատագրերով` կանայք, ովքեր ունեցել են ծննդավայր, որտեղ փորձել են ստեղծել իրենց օժիտը, հետո, իրադարձությունների բերումով, բռնել են գաղթի ճանապարհը: Ով էլ կարողացել է, իր հետ է վերցրել իր օժիտից ինչ-որ բան: Հետո այդ կանայք իրենց օժիտը փոխանցեցին սերնդեսերունդ»,- «Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ ընդգծեց Նարինե Թուխիկյանը:

Թանգարանի տնօրենի խոսքով՝ իրենք որոշել են ներկայացնել տարբեր կանանց իրերը՝ նպատակ ունենալով ստեղծել փոքրիկ խմբակներ և ծանոթացնել ցանկացողներին իրենց նախնիների ասեղնագործության կամ ժանեկագործության հմտություններին:

Նաիրի Թաջիրյանի ընտանեկան հավաքածուի պատմությունը սկսվում է 1919 թվականից: Նրա ծնողները Ցեղասպանության հետևանքով դարձել են տարագիրներ, իսկ նրա մայրը ժամանակին վաճառել է իր  ձեռագործ աշխատանքները և ստացված գումարը նվիրաբերել բարեգործական նպատակների: «Ես էլ սովորել եմ որոշ բաներ իմ մայրիկից, օգնել եմ նրան, սկսել եմ զբաղվել ձեռագործով: Երբ ամուսնացա, մայրս բոլոր ձեռագործ աշխատանքներն ինձ տվեց: Ես էլ իմ աղջկան փոխանցեցի հավաքածուն»,- նշեց Թաջիրյանը:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածը կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում` Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ն սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:



Այս թեմայով

... վերջին լուր "Հայոց ցեղասպանություն" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ