Տնտեսություն

Կառավարությունը կարձագանքի հակամրցակցային չարաշահումների դեպքում

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը կարձագանքի հակամրցակցային չարաշահումների դեպքում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շարունակում է շուկայում ուսումնասիրությունները՝ գների բարձրացման հետ կապված և չարաշահումների դեպքում կկիրառվեն խիստ պատիժներ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: «Ուսումնասիրությունները շարունակվում են, և եթե շուկայում լինեն հակամրցակցային չարաշահումներ, անպայման դրան արձագանքելու ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:

Կառավարության նիստում ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրել էր մինչ այժմ իրականացված ուսումնասիրությունների արդյունքները և նշել, որ հանրապետությունում այս պահի դրությամբ գների փոփոխությունները մեծ հաշվով համարժեք են փոխարժեքի տատանումներին: «Հասարակության լայն շերտերին հետաքրքրող ապրանքների գծով ուսումնասիրությունների արդյունքներով՝ գնային փոփոխությունները տատանվում են 2-12 տոկոսի շրջանակներում, այսինքն` այդ փոփոխությունները մեծ հաշվով համահունչ են փոխարժեքի փոփոխություններին, քանի որ դրամն արժեզրկվել է 13-14 տոկոսով»,- ասել էր Շաբոյանը:

Վերջին շրջանում պարենային մի շարք ապրանքախմբերում նկատվել են թանկացումներ: Հատկապես թանկացել են ոսպը, հնդկաձավարը, կաթնամթերքը: ՏՄՊՊՀ-ն ստուգումներ է անցկացրել սոցիալական կարևոր նշանակություն ունեցող ապրանքային շուկաներում, ինչպես օրինակ` շաքարավազի, կարագի, ձեթի, կաթնամթերքի, ձավարեղենի, հրուշակեղենի և այլն, ինչպես նաև ոչ պարենային ապրանքատեսակների շուկաներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում