Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

Երևանի կենտրոնում մեկնարկում է «Կամար» բիզնես կենտրոնի շինարարությունը


ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ն նոյեմբերի 6-ին հիմնաքարի տեղադրման հանդիսավոր արարողությամբ Հայաստանում մեկնարկել է «Կամար» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` շինարարության միջազգային նորարարական չափանիշներով նախագծված համալիրը Հայաստանում առաջին «կանաչ» բիզնես կենտրոնի նախագիծն է, որը շինարարության ավարտից հետո կհավաստագրվի BREEAM-ի (BRE Environmental Assessment Method)` այսօր աշխարհում «կանաչ» շինությունների էկոլոգիական գնահատման և դասկարգման առաջատար համակարգերից մեկի կողմիցՆման եզակի «Ա» դասի բիզնես կենտրոնի կառույցն ապահովելու է էներգախնայողության և էկոլոգիական շինարարության բոլոր չափանիշները, որոնք ընդունված են միջազգային պրակտիկայում, և էապես նպաստելու է Հայաստանում բիզնես- կենտրոնների շինարարության ստանդարտների զարգացմանը:

Շենքի սեփականատերը` «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ն, կարևորելով այդ տարածքի  կառույցների  ճարտարապետական նշանակությունը և այն պահպանելու ու գալիք սերունդներին ժառանգելու  առաքելությունը` մեծ պատասխանատվությամբ ու հոգածությամբ նախաձեռնել է այդ կառույցների վերակառուցման աշխատանքները` մինչ շինարարության սկիզբը տարիներ շարունակ տարբեր ձևաչափերով քննարկելով այս նախագծի կազմակերպման հնարավոր լավագույն տարբերակները շահառուների հետ:

«Համալիրի կառուցման նախագիծը նախաձեռնել ենք դեռևս 5 տարի առաջ: Մենք ուսումնասիրել ենք տվյալ տարածքի պատմական նշանակություն ունեցող կառույցների ողջ պատմությունն ամենայն մանրամասնությամբ, կառույցների փաստացի վիճակը և պահպանման լավագույն հնարավորությունները: Այդ նպատակով կազմակերպել ենք ճարտարապետական հայեցակարգի մշակման մրցույթ` ներգրավելով տարբեր երկրների լավագույն մասնագետներին, հրավիրել ենք բազմաթիվ լսումներ փորձագետների և շահագրգիռ անձանց մասնակցությամբ: Մեր սկզբունք է` լինել առավելագույնս թափանցիկ և պահպանելով հինը` կերտել նորը: Առաջնորդվելով նման կարգախոսով` մշակել ենք յուրաքանչյուր քարի պահպանման, ընդհանուր տարածքի ճարտարապետական ոգուն համահունչ համալիրի  կառուցման նախագիծ, որը նաև կհամապատասխանի «կանաչ» կառույցի շինարարական աշխատանքներիամենաժամանակակից ու բարձրակարգ չափանիշներին»,- նշել է «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ տնօրեն Արտաշես Կազախեցյանը:

Համալիրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 37 մլն ԱՄՆ դոլար: Համաշխարհային բանկի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (International Finance Corporation, IFC) տրամադրել է 9 մլն ԱՄՆ դոլարի վարկ, ինչպես նաև ներգրավել է ևս 9 մլն ԱՄՆ դոլարի վարկ DEG (Deutsche Investitions und Entwicklungsgesellschaft mbH) միջազգային կառույցից: Նախագծի ֆինանսավորման մնացած գումարն ապահովելու է «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ն` իր միջոցների հաշվին:

«Ժամանակակից բիզնես կենտրոնների աճը խթանում է տնտեսական գործունեությունը, ինչպես նաև բարձրացնում տեղական միկրո, փոքր և միջին ձեռնարկատերերի աշխատանքի արդյունավետությունը: Հայաստանում բիզնեսի գործունեության ենթակառուցվածքային հզորացումը և «կանաչ» տեխնոլոգիաների զարգացումը ապագայում կնպաստեն և օրինակ կծառայեն Հայաստանում էներգախնայող շինարարական ծրագրերի երկարաժամկետ զարգացմանը»,-նշել է IFC Ներդրումային ծրագրերի ավագ համակարգող Արման Բարխուդարյանը:

«DEG-ն հպարտ է, որ  մասնակցում է այս նորարարական նախագծին: Այն օրինակելի նախագիծ է, քանի որ հաշվի է առնում Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման նշանակությունը և միաժամանակ էներգախնայողության տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ հիմք է դնում տարածաշրջանում շինարարական նոր ստանդարտների ներդրմանը: Այն նաև ստեղծում է նոր աշխատատեղեր և բիզնեսի զարգացման նոր հնարավորություններ»,- ասել է DEG Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների տնօրեն դոկտոր Փիթեր Թիմմեն:

«Կամար» բիզնես-կենտրոնի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2016թ. նոյեմբերը: Համալիրում գործունեություն են ծավալելու հիմնականում ֆինանսական, խորհրդատվական ընկերություններ և միջազգային կառույցներ:

«Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ն (Property Development Company CJSC) իրականացնում է ներդրումներ անշարժ գույքի շուկայում, տրամադրում է կառուցապատման իրականացման և շինարարության անհրաժեշտ փաստաթղթերի ձեռք բերման համալիր ծառայություններ: Մասնագիտացած է անշարժ գույքի զարգացման և շինարարական աշխատանքների տեխնիկական վերահսկման ոլորտում, հանդես է գալիս նոր ու առաջադեմ մոտեցումների կիրառմամբ: Ընկերության գործունեությունը հիմնված է հեռանկարային դիզայն մշակելու,  կայուն զարգացման տեսլականի և պետական ու մասնավոր հատվածների հետ սերտ համագործակցության  վրա:  





Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ