Տնտեսություն

Հայաստանն ու Հունաստանը ձգտում են տնտեսական հարաբերությունները հասցնել ռազմաքաղաքականի մակարդակին

3 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Հունաստանը ձգտում են տնտեսական հարաբերությունները հասցնել ռազմաքաղաքականի մակարդակին

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Հունաստանն ամենաբարձր մակարդակով հանձնառու են երկկողմ միջպետական հարաբերությունների շարունակական զարգացմանը: Երկու պետությունների ղեկավարները Երեւանում փոխըմբռնման մթնոլորտում քննարկել են համագործակցութան ուղիները: «Հայաստանի եւ Հունաստանի հարաբերություններն աչքի են ընկնում բարձր մակարդակով: Առանձնակի դրվատանքի է արժանի պաշտպանության նախարարությունների կառուցողական երկխոսությունը: Հայ զինծառայողները տարիներ շարունակ վերապատրաստվում են Հունաստանի ռազմական ուսումնական հաստատություններում, եւ պատահական չէ, որ միջազագային խաղաղարար առաքելություններում փոխգործակցությունն արժանացել է միջազգային բարձր գնահատականի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին պետական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում:

Սերժ Սարգսյանի խոսքով` առեւտրատնտեսական կապերը պետական մակարդակով խթանման կարիք ունեն: Նախագահներն այսօր կբացեն գործարար համաժողովը. մեծապես կարեւորվում է նաեւ հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: «Համոզված ենք, որ պարտավոր ենք տնտեսական հարաբերությունները հասցնել քաղաքական երկխոսության եւ բարեկամության մակարդակին: Հունաստանի նախագահի այցը նշանավորվում է տնտեսական երկկողմ փաստաթղթղերի ստորագրմամբ, որը կհամալրի իրավապայմանագրային բազայի շուրջ 4 տասնյակ փաստաթղթերի շարքը»,-ասաց ՀՀ Նախագահը:

Հունաստանը Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ է: Միջազգային հարթակներում հայ-հունական համագործակցության խորացման երկկողմ պատրաստակամություն եւս առկա է:«Հայաստանը պատրաստ է ընդլայնել կապերը Եվրամիության հետ եւ հույս ունենք, որ բարեկամ Հունաստանը կաջակցի այս հարցում»,-նշեց Սերժ Սարգսյանը:

Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը եւս կարեւորեց բարեկամության եւ գործակցության մակարդակի խորությունը: «Միակարծիք ենք, որ Հայաստանի եւ Հունաստանի միջպետական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել բարձր մակարդակով: Երկկողմ հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են եւ փոխգործակցությունը կարող է ընդլայնվել»,-ասաց Պապուլիասը, ով Հայաստանում է երկօրյա պետական այցով: ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նաեւ հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում