Տարածաշրջանային

Դավութօղլուն Բաքվում կրկնել է Ղարաբաղի մասին իր հին երգերը

2 րոպեի ընթերցում

Դավութօղլուն Բաքվում կրկնել է Ղարաբաղի մասին իր հին երգերը

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը եւ կրկնել ԼՂ խնդրի կարգավորման հարցում թուրքական թեզի մասին իր հին երգերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, Դավութօղլուն ասել է. «Որպես Թուրքիայի վարչապետ մեկ անգամ եւս հայտարարում եմ, որ մինչեւ Ադրբեջանի հողերի վերջին մեկ սանտիմետրը չազատվի, Թուրքիան գտնվելու է Ադրբեջանի պայքարի կողքին»: Նա ցավակցություն հայտնել օգոստոսի սկզբին ադրբեջանա-ղարաբաղյան սահմանային բախումներում մեծ թվով ադրբեջանցի զինվորների զոհվելու առնչությամբ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի համատեղ ասուլիսում Դավութօղլուն վստահեցրել է իր վարչապետության շրջանում Ադրբեջանի հետ «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը, «Թուրքիային ծառայել` նշանակում է ծառայել Ադրբեջանին», «Ադրբեջանը սեր է, հայրենիք է», «Բաքուն Անկարա է» եւ 20 տարի շարունակ այլ չարչրկված լոզունգների շարունակական լինելը:

Հետաքրքիր է, որ «սեր եւ հավատարմություն» խոստովանելով Ադրբեջանին` Դավութօղլուն Բաքվում չի խոսել հայ-թուրքական հարաբերությունները եւս Ղարաբաղի գործոնով պայմանավորելու մասին, ինչպես դա արել է մինչ այժմ:

Դավութօղլուին Բաքու այցին ուղեկցել են փոխվարչապետ Յալչըն Աքդողանը, կրթության նախարար Նաբի Ավջըն եւ էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում