Մշակույթ

Հայի հոգին ողջ է պահում հենց հայոց լեզուն. Ջորջ Փեհլիվանյան

4 րոպեի ընթերցում

Հայի հոգին ողջ է պահում հենց հայոց լեզուն. Ջորջ Փեհլիվանյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես է գալիս եզակի համերգով: Աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը երկարատև բացակայությունից հետո ելույթ կունենա Հայաստանում: Անվանի դիրիժորն իր ծննդյան 50-րդ հոբելյանը կտոնի հայրենիքում՝ յուրահատուկ համերգային երեկոյով: «Սպասված վերադարձ» խորագրով հոբելյանական համերգը տեղի կունենահունիսի 28-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգին կմասնակցի Կամերային նվագախումբը, որի նախաձեռնությամբ և հրավերով էլ հենց դիրիժորը եկել է հայրենիք: Երեկոյի ընթացքում ունկնդիրը կվայելի Չայկովսկի, Միրզոյան, Կոմիտաս-Ասլամազյան:

Աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը համերգին ընդառաջ՝ հունիսի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց, որ շատ ուրախ է վերադառնալ Հայաստան: «Երբեք չէի ղեկավարել Կամերային նվագախումբը, Ֆիլհարմոնիկի հետ եմ հանդես եկել, որը կարծես իմ նվագախումբն էր: Մոտ 12-13 տարի այստեղ չեմ եղել, մեծ հաճույք է վերադառնալ և անել մի ծրագիր, որն ինձ շատ է դուր գալիս: Հուսամ, բոլորին կհետաքրքրի: Շատ կցանկանայի, որ երիտասարդները գային և ունկնդրեին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Փեհլիվանյանը:

Խոսելով իր երկարամյա բացակայության մասին՝ Փեհլիվանյանը նշեց, որ ինքն իրեն երբեք չի սիրել ցուցադրել, և ուր հրավիրել են, այնտեղ էլ գնացել է: «Եթե ինձ չհրավիրեն, չեմ գնա: Մոտ 15 տարի սպասեցի, հրավեր չկար, ավելի շուտ կգայի: Հիշում եմ, որ այստեղ շատ ջերմ, սրտիս շատ մոտ հանդիսատես է: Մեկ այլ երկիր էլ կա, որտեղ մեծ սրտով են ընդունում, Իսրայելը: Ամեն տարի գնում եմ և ելույթներ ունենում Իսրայելի ֆիլհարմոնիկի հետ: Իսրայելցի և հայ ունկնդրի միջև գրեթե տարբերություն չկա: Ինձ համար շատ հետաքրքիր է տեսնել այսօրվա հանդիսատեսին»,-նշեց Ջորջ Փեհլիվանյանը:

Փեհլիվանյանը հասցրել է արդեն փորձ անել նվագախմբի երաժիշտների հետ: Դիրիժորի կարծիքով՝ կամերային նվագախմբի երաժիշտները շատ լավ են նվագում: Նա Երևան է եկել երեկ երեկոյան: Տպավորված է հայկական օդանավակայանով:

«Չճանաչեցի օդանավակայանը, այս անգամ երբ տեսա, որ միջազգային մակարդակի է, մտածեցի Երևանում չեմ, այլ եվրոպական երկրներից մեկում եմ: Զարմացա և հիացա»,-փաստեց նա:

Անվանի դիրիժորն իր հետ Հայաստան է բերել որդուն: «Նրա հետ հայերեն եմ խոսում, ինչպես և դստերս հետ: Կարևորը հայի հոգին ողջ պահելն է հայոց լեզվի միջոցով: Եթե չկարողանան հայերեն խոսել, ինչ-որ բան կպակասի, դրա համար իրենց հետ հայերեն եմ խոսել մանկուց: Մեր մշակույթն առանց լեզվի չի ստացվի»,-նշեց դիրիժորը:

50-ամյա դիրիժորը չի զգում իր տարիքը: Հայաստանից, որպես նվեր, կցանկանար տանել հանդիսատեսի ջերմ սրտերը:

Ամերիկահայ դիրիժոր ՋորջՓեհլիվանյաննավարտել է Լոնգ Բիչի և Ինդիանայի համալսարանները՝ ստանալով ջութակահարի և դիրիժորի վկայականներ: Հանդես է եկել իբրև մենակատար և Ինդիանայի«ՊրոՄյուզիք»նվագախմբի կոնցերտմայստեր: 1991թ. սեպտեմբերին մասնակցել է Բեզանսոնի(Ֆրանսիա) դիրիժորների միջազգային մրցույթին՝ արժանանալով առաջին և միակ մրցանակին: Ֆրանսիական«Մոնդ», «Ֆիգարո» և այլ թերթեր նրա մասին մասին գրել են. «Փեհլիվանյանը գյուտ է,որին պետք է հետևել,նա անուրանալի անհատականություն է, որն իր տաղանդով գերազանցեց մրցակիցներին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում