Քաղաքականություն

Քեսաբում Թուրքիայի գործողություններն ուղղված են Սիրիաի քրդերի դեմ. քաղաքագետ

3 րոպեի ընթերցում

Քեսաբում Թուրքիայի գործողություններն ուղղված են Սիրիաի քրդերի դեմ. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբում Թուրքիայի գործողություններն ուղղված են ոչ թե հայերի, այլ քրդերի դեմ: Ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը: «Թուրքիայի հիմնական նպատակը ոչ թե Քեսաբը և հայերին ոչնչացնելն է, այլ Սիրիայում ձևավորված Արևմտյան Քրդստանի ոչնչացումը, քանի որ այն լուրջ վտանգ է ներկայացնում Թուրքիայի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց քաղաքագետը:

Քաղաքագետն ասաց, որ այդ տարածքում քրդերի թիվն անհամեմատ ավելի մեծ է հայերի թվից: «Երևի հիշում եք, որ երկու տարի առաջ Բաշար Ասադը Սիրիայում քրդերին ինքնավարություն տվեց: Այժմ Սիրիայում արդեն ձևավորվել է «Արևմտյան Քրդստան» հասկացությունը, իսկ Սիրիայի քրդերին միացել են նաև Թուրքիայի քրդերը»,- ասաց Մելիք-Շահնազարյանը՝ ընդգծելով, որ Թուրքիան շատ լավ է հասկանում, թե որքան վտանգավոր է այս ամենն իր համար:

Նա նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից առաջ Թուրքիայի համար ձեռնտու չէ հայերի նոր կոտորածը: «Ուղղակի Արևմտյան Քրդստանը ոչնչացնելու Թուրքիայի նպատակի առջև կանգնել են Քեսաբի հայերը, և լավ է, որ սիրիական բանակին և հայկական կազմակերպություններին հաջողվեց ժամանակին տարհանել բնակչությանը Քեսաբից»,- նշեց քաղաքագետը:

Քաղաքագետի խոսքով, սիրիական բանակն ամեն ինչ անում է՝ Քեսաբը զինյալներից հետ գրավելու համար, ինչի մասին է խոսում այն, որ Քեսաբի համար մարտերում զոհվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հորեղբորորդին:

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում բնակիչներ գրեթե չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունն ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքին մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապ օգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սնունդով:

Իրադարձությունների վրա աշխարհի ուշադրությունն է հրավիրել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` Հաագայում` Միջուկային անվտանգության միջազգային գագաթնաժողովի ժամանակ ելույթ ունենալով մամուլի համար:

Հայ պատգամավորների խումբն էլ այցելել էր Սիրիա` տեղում ծանոթանալու մեր հայրենակիցների ճակատագրին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում