ԱՄՆ պետդեպն առաջարկում է 2015թ. Հայաստանին 24 միլիոն 700 հազար դոլարի աջակցություն տրամադրել
2 րոպեի ընթերցում
![ԱՄՆ պետդեպն առաջարկում է 2015թ. Հայաստանին 24 միլիոն 700 հազար դոլարի աջակցություն տրամադրել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2014/03/752603.jpg)
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը մարտի 4-ին հրապարակել է 2015 թ. ֆինանսական տարվա արտաքին հատկացումների նախագիծը, որով առաջարկվում է եկող տարի 20 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլարի տնտեսական աջակցություն հատկացնել Հայաստանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԱՄՆ պետդեպի պաշտոնական կայքը, 2015թ. Հայաստանի ընդհանուր հատկացումը կկազմի 24 միլիոն 700 հազար դոլար: Ըստ զեկույցի` Միացյալ Նահանգները 1 միլիոն 700 հազար դոլար կհատկացնի թմրանյութերի ապօրինի շրջանառության միջազգային վերահսկողության և իրավապահ մարմինների աջակցության համար, 600 հազար դոլար` միջազգային ռազմական կրթության և ուսուցման և 1 միլիոն 700 հազար դոլար` արտաքին ռազմական օգնության համար: Ի դեպ, պետդեպարտամենտը պահպահել է Հայաստանին եւ Ադրբեջանին տրվող ռազմական օգնության հավասարության սկզբունքը:
Հայաստանին հատկացվելիք օգնության մեջ ներառված չէ ֆինանսական աջակցություն Համաշխարհային առողջապահական ծրագրերի համար: Լեռնային Ղարաբաղի համար առանձին հատկացում չկա, սակայն սովորաբար ԼՂ-ին ֆինանսական աջակցություն սահմանվում է ԱՄՆ Կոնգրեսում բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ` օրենսդիր մարմնի մանդատի համաձայն: Օբամայի վարչակարգը Հայաստանի համար առաջարկել է գրեթե նույնքան գումար, որքան 2014-ի համար:
Նախորդ տարվա համեմատ ԱՄՆ-ն նվազեցրել է Ադրբեջանին տրամադրվելիք ֆինանսական աջակցության ծավալը: 2014 թվականին այդ երկրին տրվել էր 15,5 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն, իսկ արդեն 2015-ին ԱՄՆ հատկացման չափը հասել է 12,7 միլիոն ԱՄՆ դոլարի: Տրամադրվելիք գումարից 9,6 միլիոնը կուղորդվի Ադրբեջանին տնտեսական աջակցման համար, 800 հազար ԱՄՆ դոլարը` թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի, 600 հազարը` ռազմական ուսուցման, 1,7 միլիոն ԱՄՆ դոլարը` ռազմական աջակցության համար: