Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Մարտի 3-ին Երեւանում տեղի կունենան Եվրոպայի շախմատի անհատական առաջնության առաջին փուլի պարտիաները:


ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի 80 մարզիկներ կմասնակցեն մարտի 3-ին Երեւանում մեկնարկող Եվրոպայի շախմատի անհատական առաջնությանը, որի հանդիսավոր բացման արարողությունը տեղի Է ունեցել մարտի 2-ին Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում: 

         Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»- ը, մարտի 2-15-ը կայանալիք այս մրցաշարին կմասնակցեն 260 շախմատիստներ 27 երկրներից: Հայաստանը մասնակիցների թվով առաջին տեղում Է:

 53 շախմատիստներ ներկայացնում են Ռուսաստանը, 17-ական՝ Վրաստանը եւ Իսրայելը, 13-ը՝ Ուկրաինան, 10-ը՝ Թուրքիան եւ այլն:

Մրցաշարը նվիրված Է շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն, լեգենդար շախմատիստ Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85-ամյակին, որը նշվելու Է այս տարի:

Ըստ մրցաշարի կանոնակարգի, առաջին 23 տեղերը զբաղեցրած մարզիկները իրավունք կստանան մասնակցել շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը:

 Եվրոպայի շախմատի անհատական առաջնության մրցանակային ֆոնդը կազմում Է 160 000 եվրո (20 000 եվրո` հաղթողին), սահմանված են նաեւ 25 գլխավոր եւ 15 հատուկ մրցանակներ: Մրցաշարը բաղկացած Է 11 փուլից եւ կանցկացվի շվեյցարական համակարգով:

 Առաջնության գլխավոր մրցավարն Է Հայաստանի ներկայացուցիչ միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ