Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Ականատեսը». Հայրենիքի սերն ու կարոտը 104-ամյա մուսալեռցուն ԱՄՆ-ից Հայաստան բերեցին

«Ականատեսը». Հայրենիքի սերն ու կարոտը 104-ամյա մուսալեռցուն ԱՄՆ-ից 
Հայաստան բերեցին

«Արմենպրես» լրատվական գործակալության Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ իրականացող «Ականատեսը» հատուկ նախագիծը շարունակում է իր ընթացքը` ընթերցողի դատին հանձնելով ցեղասպանությունը վերապրած մարդկանց կյանքի պատմությունները: Նախագծի այս շաբաթվա հերոսը Արմավիրի մարզի ամենատարեց բնակիչներից մեկն է` 104-ամյա Խաչիկ Պեպիսյանը:

ՊՏՂՈՒՆՔ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի Պտղունք գյուղի տներից մեկի բնակիչը Մուսա լեռան գյուղերից մեկում 1910 թվականին ծնված Խաչիկ Պեպիսյանն է: Միայնակ տարեցը երկար տարիներ բնակվել է ԱՄՆ-ում, այնուհետև տեղափոխվել է Պտղունք, ուր, չնայած տարիքին և առողջական խնդիրներին, միայնակ է ապրում: Անհնար է միանգամից չզարմանալ 104-ամյա ծերունու առույգությամբ: Մեր ստեղծագործական խումբը նրան փնտրում էր տանը, բայց գտավ տան կտուրին, ուր բարձրացել էր սեփական ձեռքերով աճեցրած խաղողը մշակելու: Մեզ տեսնելով` իջավ փայտե աստիճաններով, ժպիտը դեմքին համաձայնեց պատմել դժվարություններով լեցուն կյանքի մասին: Խաչիկը կարծում է, որ ինքը դեռ ընդամենը 20 տարեկան է, չնայած երբեմն առողջական խնդիրները հիշեցնում են իրական տարիքի մասին: «Մուսա լեռան Քեբուսիե գյուղում եմ ծնվել, այդ տարիներին, ի՜նչ ասես մեր գլխին չի եկել… Մուսա լեռից հասել ենք Լիբանան, որտեղ կամացեն-կամացուկ սկսեցինք անասուններ պահել, յոթ ամիս հետո ընտանիքով հաստատվեցինք Բեյրութում»,- հիշում է Խաչիկը:


Պատմական տեղեկանք

Մուսա լեռան վեց գյուղերի (Քեբուսիե, Վագըֆ, Խտրբեկ, Յոգունոլուկ, Հաջի Հաբիբլի, Բիթիաս) հայությունն աշխարհագրական դիրքի շնորհիվ գրեթե անմասն մնաց համիդյան հալածանքներից, իսկ 1915-ի հուլիսի կեսերին հակվեց ինքնապաշտպանության գաղափարին: Դաշնակիցների ափհանման գործողության ժամանակ հայաբնակ ու ծովեզրյա տարածքը հրաշալի հենակետ կարող էր ծառայել, եւ հուլիսի 26-ին հրապարակվեց հնգօրյա ժամկետում Քեսապի հայության տարագրման հրամանը: Մուսալեռցիների մի մասը սկսեց լեռ բարձրանալ, իսկ ինքնապաշտպանության դիմելու որոշումն ընդունվեց հուլիսի 29-ին, Յողունօլուկում գումարված ընդհանուր ժողովում, եւ մի քանի օրում Մուսա լեռ բարձրացավ շուրջ 5.000 հայ, իսկ 2.000-ը՝ տարագրվեցին:

Թեև անցյալի իրադարձությունների մասին իր վերհուշն աղոտ է, պատմության հերոսը վստահեցնում է, որ մուսալեռցիները շատ են տանջվել: Ականատեսի հայրը մասնագիտությամբ ատաղձագործ էր: Ընտանիքում գրեթե բոլորը զբաղվել են անասնապահությամբ: Խաչիկն ակնածանքով է հիշում տատի և պապի մասին, ովքեր հիվանդության պատճառով շուտ են հեռացել կյանքից:

Պատմական տեղեկանք

Մուսա լեռան վրա ծավալված պատմական իրադարձությունը հետագայում ոգեշնչել է ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելին, ով գրեց բոլոր ժամանակների համար արդիական «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը: Եվրոպայում ապրող հրեաները կարդում էին այն` կանխազգալովիրենց ճակատագիրը: Հոլոքոստի ժամանակ այդ գիրքը գետտոյի պաշտպանները ձեռքից ձեռք էինփոխանցում` որպես ներշնչանքի աղբյուր եւ նացիստների դեմ զենք վերցնելու կոչ: Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի առաջին հրատարակությունը լույս է տեսել գերմաներենով 1933թվականին: Միայն երկու տարիների ընթացքում` 1934-1935թթ., վեպը թարգմանվել է 36լեզուներով: Վեպը գրելիս Վերֆելն օգտագործել է ականատեսների վկայություններ, լրատվականնյութեր, ուսումնասիրել հայ ժողովրդի պատմությունը, կրոնն ու մշակույթը: 1934 թվականինստեղագործությունն արժանացել է տարվա լավագույն վեպի միջազգային մրցանակին:

Լիբանանից տեղափոխվելով Հայաստան` Խաչիկն ամուսնանում է, ունենում հինգ աղջիկ և մեկ տղա, որոնցից և ոչ մեկը  հանգամանքների բերումով այժմ իր հետ չի ապրում: Նա երկար ժամանակով մեկնում է ԱՄՆ` որդու մոտ, ապա որոշում վերադառնալ Հայաստան, ինչի համար  պատճառներ կային. մեծ էր մեղվապահությամբ զբաղվելու իր ցանկությունը: Ծերունին  հուսով է, որ մի օր իր որդին էլ կվերադառնա Հայաստան:


Հայրենիքում ապրելով` Խաչիկը ստիպված է ինքն իր մասին հոգ տանել. ճաշ եփել, զբաղվել կենցաղային գործերով, մշակել սեփական տան փոքրիկ հողատարածքը: Հատկապես ամռան ամիսներին հողագործությունը և մեղվապահությունը նրա առօրյայի անբաժան մասն են: «Ես միշտ անասնապահությամբ եմ զբաղվել, կովեր եմ ունեցել: Այժմ մենակ եմ ապրում, դժվարանում եմ, մեղուների թիվն էլ վերջին տարիներին պակասել է»,- իր մտահոգությամբ  կիսվում է նա ու առանձնակի հպարտությամբ պատմում իր տնկած խաղողի վազերի մասին, իսկ բերքը պատրաստ է յուրաքանչյուրին հյուրասիրել: «Մուսա լեռում մենք շատ լավ էինք ապրում: Վերադառնալ չեմ ցանկանում: Ի վիճակի չեմ,  հիմա այնտեղ թուրքեր են ապրում, թուրքերի հետ ինչպես մնամ այնտեղ»,- ասում է պատմության հերոսը:

Նրա տան լռությունը երբեմն ընդհատվում է հավատարիմ շան հաչոցից, հարևանների երեխաների խաղերի ձայներից, ովքեր հարգում են ծերունուն ու ժամանակ առ ժամանակ հետևում հողի հետ նրա աշխատանքին:   

Պատրաստեցին  Տաթևիկ Գրիգորյանը և Անի Նազարյանը

Լուսանկարները`  Արևիկ Գրիգորյանի 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am