Քաղաքականություն

Չեխ սենատորը ոգեւորված է Հայոց ցեղասպանության մասին Չեխիայի նախագահի հայտարարությունից եւ հռչակագիր կներկայացնի Սենատին

3 րոպեի ընթերցում

Չեխ սենատորը ոգեւորված է Հայոց ցեղասպանության մասին Չեխիայի նախագահի հայտարարությունից եւ հռչակագիր կներկայացնի Սենատին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխ սենատոր Յարոմիր Շտետինան ողջունել է Չեխիայի Հանրապետության նախագահի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին: Իր գործունեության ընթացքում մշտապես Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին հանդես եկող Չեխիայի Հանրապետության սենատորն «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում ասաց, որ մտադիր է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Ցեղասպանությունը ճանաչող հռչակագիր կներկայացնել Չեխիայի խորհրդարանի արտաքին հարաբերություների և պաշտպանության հանձնաժողովներին: «Հռչակագիրը կներկայացվի 2015 թվականին` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ: Կցանկանայի, որ Չեխիայի Սենատը միանար Հայոց ցեղասպանությունը ճանաչած քաղաքակիրթ խորհրդարաններին: Հռչակագրի ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները կսկսվեն 2014 թվականի վերջերին»,- հայտնեց չեխ սենատորը: Նա լիահույս է, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Չեխիայի նախագահի պետական այցը Հայաստան մեծապես կնպաստի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հռչակագրի ընունմանը:

Չեխ սենատորը նաև դրական գնահատեց ՀՀ նախագահի հանդիպումը Չեխիայի հոգևոր առաջնորդ, ՊրահայիԿարդինալ-արքեպիսկոպոս ԴոմինիկԿարդինալԴուկայի հետ, ով սատարում է իր ներկայացնելիք Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագրին:

Հունվարի 29-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով ժամանել է Չեխիայի Հանրապետություն: ՀՀ Նախագահի հետ համատեղ ասուլիսում Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը ընդգծել էր, որ հայ ժողովուրդը ցեղասպանության ընթացքում 1,5 միլիոն զոհ է ունեցել և Չեխիան էլ ցեղասպանության կենթակվեր, եթե Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մնար ֆաշիստական ռեժիմի տակ:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ-ին: Հայ ժողովրդի կոտորածը որպես ցեղասպանություն են ճանաչել նաեւ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Նիդեռլանդները, Շվեյցարիան, Շվեդիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելան, Չիլին, Կանադան, Ավստրալիան: Հայոց ցեղասպանությունն ընդունել են նաև այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը եւ այլն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում