Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Չարենցի տուն-թանգարանը թվայնացնում է ցուցանմուշներն ու բացառիկ նյութերը

Չարենցի տուն-թանգարանը թվայնացնում է ցուցանմուշներն ու բացառիկ նյութերը

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եղիշե Չարենցի տուն-թանգարանը հաջորդ տարվանից կունենա նոր ձևավորմամբ թարմացված էլեկտրոնային կայք: Թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանի հավաստիացմամբ` մշակութային օջախի պաշտոնական charents.am կայքը կներկայանա նոր լուծումներով: «Քանի տարի է` չենք թարմացրել մեր կայքը: Պատրաստվում ենք 2014 ներկայացնել այն  նոր դիզայնով: Նախատեսում ենք նաև կայքում տեղադրել թանգարանի ցուցանմուշների նկարները, ինչպես նաև մի շարք այլ հետաքրքիր տեղեկություններ»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը:

Բացի կայքը վերաձևավորելուց, թանգարանը նախատեսում է իրականացնել նաև մի շարք այլ միջոցառումներ: Ավանդական տոնակատարություններ, ցուցահանդեսներ և գրքերի շնորհանդեսներ հաջորդ տարի շատ կլինեն: 2014-ին կշարունակվեն թվայնացվել թանգարանի նմուշները, ինչպես նաև կվերականգնվեն մի շարք հազվագյուտ գրքեր: «Թանգարանում ունենք արժեքավոր նյութերով հին ժապավեններ, որոնք հազվագյուտ նյութեր են պարունակում: Մի ժապավեն կա, որտեղ ձայնագրված է Վիլյամ Սարոյանի այցը մեր թանգարան և նրա ելույթը: Այս նյութերը ևս պետք է թվայնացվեն»,-հավելեց Հակոբյանը:

Տուն-թանգարանի տնօրենի խոսքով` մշակութային օջախի` 2013 թվականին նախատեսված բոլոր ծրագրերն իրականացվել են: «Այս տարի իրականացրել ենք 33 միջոցառում, որոնցից 22-ը եղել են ցուցահանդեսներ: Թանգարանը համալրվել է 40 նոր նյութերով, որոնք ձեռք են բերվել նվիրատվության միջոցով: Վերականգնել ենք 168 գիրք, ինչպես նաև 750-ից ավելի առարկաների համար գրվել են նոր գիտական վկայագրեր»,- նշեց Լիլիթ Հակոբյանը:  

Հակոբյանի խոսքով` այս տարի թանգարան է այցելել 18 հազար մարդ: Նախորդ տարի` Չարենցի հոբելյանի հետ կապված, այցելուների թիվը 1600-ով ավելի է եղել:

Տարվա կարևոր միջոցառումներից Հակոբյանն առանձնացրեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ հանդիպում-երեկոն, որն իրականացվել էր «Չարենցը հյուրընկալել է» շարքի շրջանակում: «Երկոն վարեց հենց Մանսուրյանը, և մարդիկ շատ գոհ էին և հետաքրքրված: Դրանից հետո բազմաթիվ առաջարկներ ստացանք, որպեսզի կրկնենք նույն երեկոն: Բացի դրանից, այս տարի 11-րդ անգամ անցկացվեց Չարենցի պոեզիայի ասմունքի հանրապետական մրցույթ-փառատոնը, որը ևս հաջողված էր»,- փաստեց Չարենցի տուն-թանգարանի տնօրենը:

Լիլիթ Հակոբյանի համոզմամբ` թանգարանն ամեն ինչ անում է այցելուներին մշակութային օջախ բերելու և հետաքրքրելու նպատակով: «Ժամանակները փոխվել են, և մենք չենք կարող այժմ նախկին մեթոդներով այցելուներին գրավել դեպի թանգարան: Դա մի տեսակ նույնիսկ միամիտ կլինի: Մենք այժմ փորձում ենք կիրառել բոլոր միջոցները և քայլել ժամանակին համընթաց»,-եզրափակեց Լիլիթ Հակոբյանը:  

Խորհրդային Հայաստանի նախարարների խորհրդի 1964թ. փետրվարի 8-ի որոշմամբ հիմնադրվեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանը այնտեղ, որտեղ 1935-1937թթ. ապրել է բանաստեղծը: Մշակութային օջախը բանաստեղծի կյանքը, գրական-մշակութային, հանրային-քաղաքական գործունեությունն ուսումնասիրող գիտական կենտրոն  է, որտեղ  պահպանվում և ցուցադրվում են բանաստեղծից մեզ հասած մասունքներ` անձնական  իրեր, ձեռագրեր, փաստաթղթեր, գրքեր, լուսանկարներ, այլ նյութեր: Թանգարանի  ամենանվիրական հատվածը հուշատունն է, որտեղ ամեն ինչ պահպանված և դասավորված է այնպես, ինչպես եղել է Չարենցի ապրած  ժամանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am