Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

Երաժշտությանը պետք է սիրահարվել, ստրուկի նման նվիրվել. Մարտուն Իսրայելյան


ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանն այս տարի տոնեց իր ծննդյան 75-ամյա հոբելյանը: Այդ առթիվ կոմպոզիտորի պատվին կազմակերպվեցին և շարունակվում են կազմակերպվել տոնական երեկոներ, որոնց ընթացքում հնչում են հոբելյարի ստեղծագործությունները: Նոյեմբերի 29-ին Իսրայելյանին ևս մեկ անգամ կշնորհավորեն, այս անգամ` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: «Արմենպրես»-ը հանդիպեց կոմպոզիտորի հետ և զրուցեց նրա հետ հոբելյանական տարվա, համերգների, գաղափարների և նոր նախաձեռնությունների մասին:

-Պարոն Իսրայելյան, «Արմենպրես»-ը շնորհավորում է Ձեզ հոբելյանի կապակցությամբ: 75-ամյակին նվիրված ծրագրերի շրջանակում նոյեմբերի 29-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հատուկ Ձեզ համար տոնական համերգ է պատրաստել:

-Սա այս տարվա մեջ ինձ նվիրված երրորդ համերգն է: Մինչ այդ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպվել է երկու համերգ, որոնցից վերջինը տեղի ունեցավ հոկտեմբերի 9-ին: Ելույթ ունեցավ Հայաստանի պետական կամերային նվագախումբը:

Էդուարդ Թոփչյանի հետ նախորդ տարեվերջին նախատեսել էինք նմանատիպ համերգ կազմակերպել: Կհնչնեն 80-ականներին գրած իմ ստեղծագործությունները: Ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը կկատարի Ջութակի և լարային նվագախմբի համար գրված կոնցերտը, իսկ մեցցո-սոպրանո Գոհար Ազիզյանը` «Տետր աշնանային երգերի համար» ստեղծագործությունը: Կհնչի նաև իմ «Սիմֆոնիան»:

-Նվագախմբի փորձերին մասնակցե՞լ եք: Ձեզ դո՞ւր է գալիս այն, թե ինչպես են աշխատում «Սիմֆոնիան» ներկայացնելու համար:

-Այո, շատ լավ են աշխատում: Արդեն մի քանի օր է` փորձ են անում: Թոփչյանը մանրակրկիտ աշխատանք է տանում` ստեղծագործությունը լավ ներկայացնելու համար: Մի քանի օրում անպայման կհասցնեն, քանի որ շատ լավ են աշխատում: Սկզբում, երբ Թոփչյանը սկսեց ղեկավարել նվագախումբը, երիտասարդ էր և անփորձ, իսկ հիմա մաեստրո է: Նվագախումբն այսօր շատ լավ վիճակում է, հատկապես լարային կազմը, որի նմանը նախկինում չենք էլ ունեցել: Միայն Դավիթ Խանջյանի ղեկավարման ժամանակ էր այդպես:

-Այս տարի ինչպե՞ս նշեցիք Ձեր հոբելյանը: Այն տարբերվե՞ց նախորդ տարիների ծննդյան տոներից:

-Հոբելյանս նշեցի տանը` մտերիմ ընկերներիս հետ: Այս տարի առանձնահատուկ էր նրանով, նախագահն ինձ շնորհավորական ուղերձ էր հղել, հետո զանգահարեց Մշակույթի նախարարը: Իսկ հոբելյանական համերգները կարճ ժամանակահատվածում դժվար էր կազմակերպել, այդ իսկ պատճառով մինչև տարեվերջ ձգվեցին:

-Երաժշտության ասպարեզում ինչպե՞ս կատարեցիք ձեր առաջին ստեղծագործական քայլերը: 

-Մեր տանը ոչ ոք երաժշտությամբ չի զբաղվել: Ժամանակին շատ էի սիրում ժողովրդական երգեր լսել, իսկ դուդուկն իմ ամենասիրելի գործիքն էր: Մի անգամ եղբայրս մորս խնդրեց իր համար քամանչա գնել, որը, սակայն, մի օր ընկավ և կոտրվեց, ինչպես հայտնի երգում է նշվում: Երբ 13 տարեկան դարձա, մի օր վերանորոգեցի այն և սկսեցի նվագել: Ժամանակին բանաստեղծություններ եմ գրել, նկարել, բայց երբ մեկը սկսում էի, մյուսը թողնում էի: Սկզբում մի երկու ժողովրդական երգ հորինեցի, հետո ընդունվեցի ուսումնարան, սկսեցի քանոն նվագել և լուրջ ստեղծագործել:

-Դուք այժմ դասավանդում եք կոնսերվատորիայում: Մեր երաժիշտների երիտասարդ սերնդի մասին ի՞նչ կարծիք ունեք:

-Մեկը շնորհքով է, մյուսը` աշխատասեր: Տարբեր են: Երբ հարցնում եմ` ինչքա՞ն եք սիրում այս գործը, և պատասխանում են, ասում եմ` ոչ, դուք պետք է գործը սիրեք այնպես, ինչպես տղայի կամ աղջկա եք սիրում: Եվ նույնիսկ ավելի շատ: Երաժշտությանը պետք է անմնացորդ` ստրուկի նման նվիրվել: Արվեստի բոլոր մարդիկ շատ են աշխատել, օրինակ`Բեթհովենին ինչքա~ն էին աշխատեցնում:

Դասավանդել այնքան էլ չեմ սիրում, բայց, երևի, վատ ուսուցիչ չեմ: Մեկին ինչ-որ բան սովորեցնելու համար պետք է քեզ այդ մարդու տեղը դնես. եթե նա չգիտի ինչ-որ բան, դու էլ չգիտես: Միասին սովորելն է ճիշտ: Միշտ ասում եմ` ես ուսուցիչ չեմ, կարող եմ լինել պարզապես խորհրդատու:

-Ի՞նչ նոր ստեղծագործությունների գաղափարներ ունեք: Ինչպիսի՞ ծրագրեր կան: 

-Դանիել Վարուժանի ստեղծագործության հիման վրա գրված «Հացին երգը» օրատորիա ունեմ, որը մեկ անգամ հնչել է, սակայն չեմ հավանել: Վերջերս նորից եմ այն խմբագրել և հուսով եմ, որ հաջորդ տարի կհնչի Դանիել Վարուժանի 130-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: 

Եթե ծրագրեր, գաղափարներ չունես և օրական գոնե մեկ նոտա չես գրում, ուրեմն դու չես ապրում: Երաժշտությամբ զբաղվելը հիվանդության է նման: Հարբեցողներ կան, ովքեր չեն կարողանում ալկոհոլից կտրվել, այդպես էլ երաժշտությունն է, միայն թե ալկոհոլն ավելի վնասակար է: Ծրագրեր շատ ունեմ, եթե Աստված թույլ տա, կանեմ:

Տեղեկանք

Մարտուն Իսրայելյանը ծնվել է 1938թ. մարտի 25-ին Լենինականում: 1964թ. ավարտել է Լենինականի երաժշտական ուսումնարանը, 1969թ.` Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը: Հեղինակել է բազմաթիվ ստեղծագործություններ` սիմֆոնիկ, կամերային նվագախմբերի, երգչախմբի, հոբոյի, ֆլեյտայի, դաշնամուրի, թավջութակի, ջութակի համար և այլն: Նրա երաժշտությունը կատարվել է բազմաթիվ երկրներում: Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ է: 2010թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման: Դասավանդում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

 

Հարցազրույցը` Ռոզա Գրիգորյանի 

Լուսանկարները` Արևիկ Գրիգորյանի  




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ