Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նորույթ Թունջբոյաջյանից` «Ավա» տրիո

Նորույթ Թունջբոյաջյանից` «Ավա» տրիո

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրված երգիչ, մուլտիինստրումենտալիստ, հանրաճանաչ «Armenian Navy Band» խմբի ղեկավար Արտո Թունջբոյաջյանն իր երկու ընկերների՝ տաղանդավոր երաժիշտներ Արմեն Հյուսնունցի և Վահագն Հայրապետյանի հետ նոր տրիո է ստեղծել: «Ավա» տրիոն արդեն հասցրել է համերգներով հանդես գալ Ռուսաստանում և Շվեյցարիայում:

«Ավա» տրիոն մոտ օրերս կներկայանա նաև հայ հանդիսատեսին` սեպտեմբերի 28-ին ելույթ ունենալով Գաֆեսճյան արվեստի կենտրոնում:

«Armenian Navy Band –ը մեծ խումբ է, իսկ փոքր խմբում, ինչպիսին տրիոն է, ամեն մեկն իր գործին է: Տրիոյում ավելի մեծ է պատասխանատվությունը, որովհետև բոլորը պետք է ծայրաստիճան կենտրոնացած լինեն»,-  «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց երգիչը:

«1998-ից սկսած  «Armenian Navy Band»-ով շարունակում ենք մեր ճանապարհը: Երբեմն, ցավոք, խնդիր է առաջանում այն առումով, որ մեզ շատ սիրող ունկնդիրները բավարար հնարավորություն չունենալու պատճառով ներկա չեն լինում մեր համերգներին: Բայց դե կյանքին պետք է իրատեսորեն նայես, և ամեն ինչ չէ, որ քո ցանկությամբ է տեղի ունենում»,- անկեղծացավ Արտո Թունջբոյաջյանը:

 

 

Երաժիշտը հավելեց, որ «Armenian Navy Band» -ը շուտով երաժշտասերների դատին կներկայացնի նոր ձայնասկավառակ, ինչպես նաև կստեղծի «Մեր կյանքի ձայնը» ձայնասկավառակի երրորդ մասը, որում կներառվեն Հայաստանին նվիրված ստեղծագործություններ:

Այս տարվա սկզբին ունկնդրին ներկայացրած «Մեր կյանքի ձայնը: Մաս 2. էթնո Դիսպանսեր» (Sound of our life part 2: Ethno Dispencery )  ձայնասկավառակը 2003 թվականին թողարկված Sond of Our life-part 1 Natural seeds սկավառակի շարունակությունն է: Նոր սկավառակում ներառված են հիմնականում գործիքային կոմպոզիցիաներ: 2013-ի սկզբին թողարված երկրորդ` «Ջրի պես պարզ, ջրի պես խոր» (Simple like wather, deep like water) ձայնասկավառակում ընդգրկված են կառուցվածքային առումով ավելի «թեթեւ» երաժշտական ստեղծագործություններ: Երկու ձայնասկավառակների երաժշտությունը հեղինակել  է ինքը` Թունջբոյաջյանը:

Մեզ հետ զրույցի ընթացքում Արտո Թունջբոյաջյանն անդրադարձավ նաև հայրենասիրության թեմային` կոչ անելով աշխարհասփյուռ հայերին օգնել Հայաստանին: «Ես առաջարկում եմ, որ ամսական 1 դոլար հավաքեն աշխարհի բոլոր հայերից: Ասենք, եթե ունենք 10 մլն հայ և եթե նրանցից գոնե երկու միլիոնը գումար տան, ապա այդ գումարով կարող ենք բարելավել հայկական որևէ գյուղի բնակիչների կյանքը: Դա է հենց հայրենասիրությունը»,-փաստեց Թունջբոյաջյանը:

Արտո Թունջբոյաջյանը հեղինակավոր անուն է world music երաժշտական ուղղության երկրպագուների համար: Նա երկար տարիներ նվագակցել ու ձայնագրվել է գերաստղերի հետ: Երաժիշտը ծնվել է 1957 թվականին Թուրքիայում: 1981 թվականին Թունջբոյաջյանը տեղափոխվել է ԱՄՆ եւ ստեղծագործական լայն հնարավորությունների հեռանկարով ինտեգրվել տեղի երաժշտական աշխարհին: 1998 թվականից նրա հիմնած Armenian Navy Band խումբը կարողացել է նվաճել երաժշտասերների հարգանքը եւ նշանակալից տեղ զբաղեցնել երաժշտական աշխարհում: Ստեղծագործական գործունեության 7-8 տարիների ընթացքում խումբը ելույթ է ունեցել Արևմուտքի եւ Արեւելքի գրեթե բոլոր երկրներում, մասնակցել է տասնյակ միջազգային ջազ փառատոների, միեւնույն բեմում ելույթ ունեցել համաշխարհային ջազի ականավոր դեմքերի հետ:

2006 թվականին Armenian Navy Band-ը Լոնդոնում BBC Radio 3 Awards for World music  մրցանակաբաշխությունում արժանացել է «Հանդիաստեսի համակրանք» մրցանակին, որն այդ մրցույթում միակ անվանակարգն էր, որտեղ հաղթողին որոշում է ոչ թե ժյուրին, այլ հեռուստադիտողը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]