Երևանյան բեսթսելլեր 26. Շաբաթվա ամենաշատ վաճառված գրքերը ժամանակակից գրողների ստեղծագործություններն են
7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալության հեղինակային «Երևանյան բեսթսելլեր» նախագծի այս շաբաթվա ամենաշատ վաճառված գրքերի տասնյակում զգալի տեղ են զբաղեցնում ժամանակակից գրողների ստեղծագործությունները: Այն ստեղծագործությունները, որոնք նախորդ ցանկում տեղ չէին գտել, սակայն այս շաբաթ վերականգնել են իրենց դիրքը վաճառքի ծավալների ավելացման շնորհիվ, մեր վարկանիշային նոր աղյուսակում կնշվեն աստղանիշով:
Հուլիսի երկրորդ շաբաթվա ամենաշատ վաճառված գրքերի տասնյակը գլխավորում է ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ Էսզյուպերիի «Փոքրիկ իշխանը» վեպը: Այն հրատարակվել է 1943թ-ին և համարվում է նրա ամենահայտնի ստեղծագործությունը: Թարգմանվել է ավելի քան 190 լեզուներով և վաճառվել է ավելի քան 80 միլիոն տպաքանակով: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է նաև հայերեն: Երկրորդ հորիզոնականում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմն է:Այն հայտնի է նաև «Նարեկ» անունով ու միջնադարյան հայ ամենաճանաչված ու կարդացված ստեղծագործությունն է: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որն ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում և համարվում է սեղանի գիրք: Շատերն այն ընկալում են նաև բուժիչ գիրք և ընթերցում են բուժվելու նպատակով:
«Մատյան ողբերգության» պոեմին հաջորդում է ժամանակակից գրող, Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը: Այն այս շաբաթ նորից վերադարձել է ամենավաճառված գրքերի ցանկ: Գիրքը բնութագրվել է որպես գրական հայտնություն:«Շշուկների մատյանը» հրատարակվել է 2009 թ-ին և համարվել Ռումինիայի տարվա լավագույն գրական ստեղծագործությունը` արժանանալով Ռումինական ակադեմիայի գրական գլխավոր մրցանակին: Թարգմանվել է իտալերեն, իսպաներեն, ֆրանսերեն, առաջիկայում նախատեսված է թարգմանել եբրայերեն, շվեդերեն, գերմաներեն և բուլղարերեն: Արժանացել է միջազգային մամուլի և գրական շրջանակների բարձր գնահատականներին:Իսպանական Էլ Պաիս (El Pais) թերթը գրել է, որ «Շշուկների մատյանը» «թովչական գեղեցկության վեպ է»:
Չորրորդ հորիզոնականում ֆրանսիահայ ժամանակակից գրող Ջուլիետ Գրիգորյանի «Փարիզուհին» պատմվածաշարն է, որին հաջորդում է ադրբեջանցի ժամանակակից գրողԱքրամ Այլիսլիի` «Գրաբեր» հրատարակչության հրատարակած «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմը: Վերջինը պատմում է 1989-ին Բաքվում և 20-րդ դարասկզբին Ագուլիսում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի մասին: Գիրքը շատ մեծ հաջողություն ունեցավ Հայաստանում` փոխարենը Ադրբեջանում արժանանալով քարկոծման: Գրքի հրատարակության պատճառով գրողի ընտանիքի անդամները շատ կարճ ժամանակահատվածում դարձան գործազուրկ, իսկ 2013 թ-ի փետրվարին Այլիսլին Ադրբեջանի նախագահի հրամանագրով զրկվեց «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից ու պետական կենսաթոշակից:
Մոսկվայում բնակվող հայ արձակագիր Մարկ Արենի«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»անատոլիական պատմությունն այս շաբաթ զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Այն հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է, որտեղ նկարագրվում են հայատյաց մի թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է և իր ծնողներն էլ հայեր են եղել։Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները:
«Երևանյան բեսթսելլեր»-ի յոթերորդ հորիզոնականում հայ ժամանակակից գրող Գուրգեն Խանջյանի «Ենոքի աչքն» է, որին հաջորդում է ժամանակակից գրող լիբանանահայՎահան Զանոյեանի «Հեռավոր մի տեղ» ստեղծագործությունը, որի հիմքում ընկած են հեղինակի` Արաբական Միացյալ Էմիրություններումստացած տպավորությունները: Այնտեղ նա հանդիպել է 17-ամյա մի աղջնակի, ով զբաղվում էր մարմնավաճառությամբ: Զանոյեանը որոշում է բարձրաձայնել խնդրի մասին, որը կսթափեցնի ի պաշտոնե դրա համար պատասխանատուներին, զսպաշապիկ կլինի թրաֆիքինգով զբաղվողների և զգուշացում՝ երիտասարդ կանանց համար:
Իններորդ հորիզոնականում կրկին Աքրամ Այլիսլիի` սակայն այս անգամ «Էդիթ պրինտ»հրատարակչության հրատարակած «Քարակերտ երազներ» ստեղծագործությունն է: Այս շաբաթվա վարկանիշային աղյուսակը եզրափակում են Վարդան Այգեկցու և Մխիթար Գոշի «Առակներ»-ը:
«Երևանյան բեսթսելլեր» նախագծի արդյունքներին կարող եք ծանոթանալ նաև «Գրական թերթ» շաբաթաթերթի այսօրվա համարում: Ամենաշատ գնված հայերեն գեղարվեստական գրքերի ցանկը պատրաստվել է երևանյան յոթ գրախանութների հետ համագործակցության արդյունքում: Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | +5 | ![]() |
Անտուան դը Սենտ Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը» |
Անտարես | 25 |
| 2 | +2 | ![]() |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» | Նաիրի | 20 |
| 3 | * | ![]() |
Վարուժան Ոսկանյան «Շշուկների մատյան» |
ՀԳՄ | 17 |
| 4 | նոր | ![]() |
Ջուլիետ Գրիգորյան «Փարիզուհին» |
Լուսակն | 16 |
| 5 | 0 | ![]() |
Աքրամ Այլիսլի «Քարե երազներ» |
Գրաբեր | 14 |
| 6 | -3 | ![]() |
Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» |
Տիգրան Մեծ | 13 |
| 7 | * | ![]() |
Գուրգեն Խանջյան «Ենոքի աչքը» |
Անտարես | 10 |
| 8 | * | ![]() |
Վահան Զանոյեան «Հեռավոր մի տեղ» |
Էդիթ պրինտ | 9 |
| 9 | -2 | ![]() |
Աքրամ Այլիսլի «Քարակերտ երազներ» |
Էդիթ պրինտ | 8 |
| 10 | նոր | ![]() |
Վարդան Այգեկցի և Մխիթար Գոշ «Առակներ» | Արեգ | 7 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյան բեսթսելլերը» պատրաստեց Ռուզաննա Մովսիսյանը









