Սուրեն Խաչատրյանին թիկնապահ է տրամադրվել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին, իր դիմումի համաձայն, թիկնապահ է տրամադրվել: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Սուրեն Խաչատրյանին տրամադրվել է մեկ թիկնապահ ու այժմ նա շրջում է նրա ուղեկցությամբ: Հարցին, թե ինչով է պատճառաբանել Սուրեն Խաչատրյանն իր այդ ցանկությունը, Աշոտ Ահարոնյանն ասաց, որ դա վճարովի ծառայություն է, կտրամադրվի յուրաքանչյուրին, ով կունենա դրա անհրաժեշտությունը ու կդիմի:
Հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած զինված միջադեպի կապակցությամբ հասարակական դժգոհության մեծ ալիք բարձրացավ: Սյունիքի մարզպետի պաշտոնն զբաղեցնող Սուրեն Խաչատրյանը հրաժարական տվեց: Նրա որդին`Տիգրան Խաչատրյանը, եւ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը կալանավորվեցին, քանի որԳորիսի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող նրանց առանձնատան դիմացի հատվածում տեղի էր ունեցել զինված միջադեպ, ինչի արդյունքում Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, 1970թ. ծնված Ավետիք Բուդաղյանն ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել էր, իսկ 1971թ. ծնված Արտակ Բուդաղյանը եւ 1975թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: