Շոու բիզնես

Աշխարհահռչակ երգչուհի Հելեն Սեգարան երեւանյան մենահամերգով ներկայացավ հայ հանդիսատեսին

3 րոպեի ընթերցում

Աշխարհահռչակ երգչուհի Հելեն Սեգարան երեւանյան մենահամերգով ներկայացավ հայ հանդիսատեսին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի աշխարհահռչակ երգչուհի Հելեն Սեգարայի առաջին մենահամերգը Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում տեղի ունեցավ մարտի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

«Շատ ուրախ եմ գտնվել իմ ընտանիքի ծննդավայրում: Սա իմ առաջին համերգն է այստեղ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ ասաց Սեգարան` հանդիսատեսին ողջունելով հայերեն «բարի երեկո»-ով:

Համերգին ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ վարչապետի տիկին Գոհար Սարգսյանը, ՀՀ գործադիր եւ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսի անդամներ, ֆրանսիական մշակույթի երկրպագուներ:

Հայ հանդիսատեսին անտարբեր չթողեց երգչուհու նուրբ հուզական ձայնը: Համերգի ընթացքում հնչեցին երգեր Սեգարայի հին ու նոր երգացանկից: Սեգարան «Հայաստանի ձայնը» նախագծի մասնակից Գրիգոր Կոկչյանի հետ կատարեց «Vivo Per Lei» երգը:

Հանրահայտ երգչուհու համերգն անցկացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության բարձր հովանու ներքո` ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ:Համերգի բացառիկ հովանավորն է «Արարատ» կոնյակի գործարանը, կազմակերպիչը` Stage promo ընկերությունը:

Սեգարան ծնվել է 1971 թվականին Ֆրանսիայում: Նրա մայրը ազգությամբ հայ է: 1997 թվականին Սեգարան մարմնավորել է Էսմերալդայի դերը «Նոտերդամ Դե Պարի» մյուզիքլում: Մասնակցությունն այս մյուզիքլում խթան է հանդիսացել երգչուհու ստեղծագործական հետագա գործունեության համար: Ապա նրան հրավիրում են ձայնագրել հանրահայտ Anastasia մուլտֆիլմի «Loin du froid de decembre» երգը:

1999 թ-ին նա ստիպված է լինում լքել մյուզիքլը` Քվեբեքում շրջագայության ընթացքում ձայնի կորստի պատճառով: Նրա` Au nom d'une femme, Il y a trop de gens qui t'aiment երգերը տարբեր տարիների գլխավորել են Ֆրանսիայի, Բելգիայի եւ Շվեցիարիայի երաժշտական հիթ-շքերթները: Youtube-ում 2011 թ. տեղադրվել է նրա կատարմամբ «Դլե յաման» հայկական հանրահայտ երգը: Հենց դրանով էլ հանրահռչակ երգչուհին ամփոփեց հայ հանդիսատեսի հետ հանդիպումը:

Սեգարան Հայաստանում կանցկացնի երկու օր, որի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ: Երգչուհին Երեւանիցկմեկնիմարտի 20-ի երեկոյան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում