Երգարվեստի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները համախմբվել են 6-ամյա Նարեկի կյանքը փրկելու շուրջ
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դու հաստատ կապրես» կարգախոսով ակցիան միավորել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ երաժիշտներին`արյան քաղցկեղով հիվանդ 6-ամյա Նարեկ Մարտիրոսյանի փրկության գաղափարի շուրջ: Նարեկի կյանքի փրկությանը նվիրված երգ է գրվել, տեսահոլովակ նկարահանվել:«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում դեկտեմբերի 5-ի հրավիրված ասուլիսի ընթացքում նախաձեռնության համահեղինակ,«Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Հովհաննիսյանը նշեց, որ ընկերներով հաճախ են քննարկել Նարեկին օգնելու միջոցները:
«Ընկերներով հաճախ էինք հավաքվում եւ երգի կատարողը` երգչուհի Էլիզաբեթ Ադիկյանը, տեղյակ էր Նարեկի հիվանդության մասին, ճանաչում էր նրանց ընտանիքին: Հանդիպումների ընթացքում հաճախ էինք քննարկում երեխային փրկելու թեման, արդյունքում` մտածեցիք, որ լրագրողներ ենք, ծանոթների որոշակի շրջանակ ունենք, ում միջոցով կկարողանանք հարցին ավելի արագ լուծում տալ»,- Հռիփսիմե Հովհաննիսյանը: Լրագրողի խոսքով` տեղեկությունն ավելի ազդեցիկ դարձնելու համար այն վերափոխվեց երգի տեքստի, որի հեղինակն է լրագրող Տարոն Կոխլիկյանը, այնուհետեւ նկարահանվեց տեսահոլովակը:
«Մենք դիմեցինք երգահան, գործիքավորող Հարություն Տեր-Հովակիմյանին` Դերհովային, ով առանց տատանվելու, երկար քննարկելու` միանգամից համաձայնեց եւ սկսեցինք աշխատանքները»,- ասաց Հովհաննիսյանը: Երգի պատրաստ լինելուն պես կազմակերպվեց դրամահավաք, որին միացան մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ, այդ թվում` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«Այդ գումարով մենք կարողացանք ֆինանսավորել Մոսկվայում իրականացված անալիզները: Իրականում շատերն են փորձում օգնել երեխային, ինչպես նաեւ այս գործում իր ներդրումն ունեցավ ՀՀ առողջապահության նախարարությունը, որը ֆինանսավորեց երեխայի` Մոսկվա մեկնելու ճանապարհի ծախսերը»,- ասաց լրագրողը` հավելելով, որ հատկապես վերջին փուլում է անհրաժեշտ հասարակության եւ անհատների օգնությունը Նարեկին:
«Ես սիրով համաձայնեցի միանալ այն փոքր թիմին, որ հավաքվել էր այս գաղափարի շուրջ: Սա բարեգործական ուղղվածության մեջ իմ առաջին փորձն էր»,- նշեց երաժշտության հեղինակ, երգահան Դերհովան: Նրա խոսքով` Նարեկի հետ հանդիպել է տեսահոլովակի նկարահանման ժամանակ եւ անհնար է եղել «չվարակվել» նրա առույգությամբ:«Շատ բան չեմ ցանկանում ասել, ուղղակի իմ շրջապատի մարդկանց միջոցով փորձում եմ օգնել Նարեկի ընտանիքին, որպեսզի հասնենք մեր նպատակին, եւ նա առողջ եւ հաջողակ մարդ դառնա»,- ավելացրեց երգահանը:
Նարեկի հայրը` Արայիկ Մարտիրոսյանը նշեց, իր որդու հիվանդության պատմությունը սկսվել է 2009 թվականից, երբ նրա մոտ հայտնաբերել են լեյկոզ հիվանդությունը:
«Ինը ամիս բուժումից հետո, քիմիոթերապիայից բացի, Նարեկն անցավ նաեւ ճառագայթային բուժման կուրս: 2010 թվականին կարելի էր ասել, որ մենք արդեն ավարտել էինք բուժումը, սակայն նրա մոտ կրկնվեց հիվանդությունը եւ պարզվեց, որ առաջացել էր նեյրոլեյկոզ: Այդ ժամանակ կրկին անցանք բուժման նոր կուրս եւ Մոսկվայում բժշկական զննությունից հետո ռուս մասնագետները նշանակեցին նրան ոսկրածուծի փոխպատվաստում: Վիրահատությունը շատ թանկ արժե` 120-130 հազար եվրո, որի հնարավորությունը մենք չունենք»,- ասաց Մարտիրոսյանը: Նրա խոսքով` իրենց ընտանիքն ակնկալում է հանրության աջակցությունը` Եվրոպայում բուժում ստանալու համար, ինչը երեխային փրկելու միակ հույսն է:
Նարեկի համար արդեն գտնվել են ոսկրածուծի դոնորներ` նրանք փոքրիկի երկու հարազատ քույրերն են, որոնց ոսկրածուծը համապատասխանում է փոխպատվաստում իրականացնելու համար:
Հայաստանի պայմաններում փոքրիկի կյանքը փրկելու համար հայ բժիշկներն անում են ամեն հնարավորը, սակայն վերջնական ապաքինման համար անհրաժեշտ է ոսկրածուծի փոխպատվաստում, որը կատարվում է միայն արտասահմանում:Բանախոսների խոսքով` Նարեկի երազանքն է ֆուտբոլիստ դառնալ եւ խաղալ Հայաստանի ազգային հավաքականի եւ Մադրիդի «Ռեալ» ակումբի կազմերում: Ապաքինվելուն պես` փոքրիկ Նարեկն անցնելու է ակտիվ պարապմունքների` երազանքին հասնելու համար:
«Երգի տեսահոլովակի միջոցով, կարծում եմ, Նարեկին օգնելն ավելի ազդեցիկ կդառնա: Սա իմ առաջին երգն է, առաջին տեսահոլովակը, եւ այն շատ խորհրդանշական է ինձ համար»,-«Արմենպրես»-ին ասաց Էլիզաբեթ Ադիկյանը:
Երգի ստեղծմանն աջակցել են երգչուհի Նադեժդա Սարգսյանը, ջութակահարուհի Մերի Ջուլֆայանը, դաշնակահարուհի Անահիտ Մարկոսյանը եւ «Ժպիտ» ակումբը: «Դու հաստատ կապրես»-ը Նարեկի ապաքինմանը միանալու յուրօրինակ կոչ է: Նարեկին օգնել ցանկացողները կարող են դիմել «ՎՏԲ Հայաստան» բանկ, որտեղ նրա անունով հաշվեհամարներ ենբացված:
Մամուլի ասուլիս ընթացքում տեղի ունեցավ նաեւ «Դու հաստատ կապրես» երգի տեսահոլովակի պրեմիերան, որի ռեժիսորն էր Արթուր Օրդոյանը: