Աշխարհահռչակ The Voice նախագծի հայկական տարբերակը կմեկնարկի նոյեմբերին
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Voice միջազգային երաժշտական նախագծի հայաստանյան տարբերակը`«Հայաստանի Ձայնը», կմեկնարկի նոյեմբերից: Այն կտարբերվի անցկացման յուրօրինակ ձեւաչափով եւ մոտեցմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 26-ին հրավիրված ասուլիսում «Հայաստանի Ձայնը» նախագծի ձեւաչափի պրոդյուսեր Վահե Օհանյանը հայտնեց, որ նախագծի հայկական ձեւաչափը տարբերվելու է երաժշտական տաղանդներ փնտրող այլ մրցույթներից եւ շոուներից առաջին հերթին նրանով, որ նախագծում մասնակցելու հնարավորություն կունենան միայն հզոր վոկալային տվյալներ ունեցող անձիք, ինչն էլ լինելու է ընտրվելու միակ չափորոշիչը:
«Նախագիծը չի ունենա ժյուրիի անդամներ, կունենա «մարզիչներ», ովքեր հայկական երգարվեստի հանրահայտ ներկայացուցիչներն են»,- ասաց Օհանյանը: Նրա խոսքով` «մարզիչներ»-ը երգերը լսելով` կատարում են իրենց ընտրությունը եւ նախընտրական փուլն անցած մասնակիցներից կազմում իրենց թիմերը: Թիմերի ձևավորման գործընթացի յուրահատկությունն այն է, որ «մարզիչները» ընտրությունը կատարում են առանց մասնակիցներին տեսնելու` լսելով եւ գնահատելով միայն ձայնը:
«Նախընտրական փուլը եւ շատ դժվարին էր, եւ շատ հաճելի, քանի որ կային տարբեր մասնակիցներ, ովքեր եւ շատ տաղանդավոր, եւ միաժամանակ շատ զարմանալի էին»,- ասաց նախագծի երաժշտական պրոդյուսեր, երգիչ Հայկոն: Նա ուրախ է, որ Հայաստանում անցկացվելու է նման մրցույթ, որը հնարավորություն կտա բացահայտելու նոր տաղանդավոր կատարողների:
Նախընտրական փուլին մասնակցելու հնարավորություն ունեն 18 տարեկանից բարձր անձիք` առանց ոճային սահմանափակումների: Մասնակիցները երգում են «ակապելլա»: Քասթինգի թիմի կողմից տարվող լսումների արդյունքում ընտրվում են լավագույն ՁԱՅՆ ունեցող մասնակիցները, ովքեր անցնում են հաջորդ` «Կույր լսումներ»-ի փուլ: Ըստ The Voice նախագծի կանոնների` նախընտրական փուլը եթեր չի հեռարձակվում, քանի որ մարզիչները նախապես չպետք է տեսնեն և ճանաչեն մասնակիցներին:
«Կույր լսումներ» փուլին մասնակցում են նախընտրական փուլն անցած 120-125 մասնակիցները: Այդ փուլում հայկական երգարվեստի հանրահայտ ներկայացուցիչները («մարզիչներ»), որոնց երգերը լսում և սիրում են, նախագծի նախընտրական փուլն անցած մասնակիցներից ընտրում և կազմավորում են իրենց թիմերը: Թիմերի ձևավորման գործընթացի յուրահատկությունը նրանում է, որ «մարզիչները» ընտրությունը կատարում են առանց մասնակիցներին տեսնելու` լսելով և գնահատելով միայն ՁԱՅՆԸ: «Կույր լսումների» արդյունքում ձևավորվում է չորս թիմ, բաղկացած 12-ական մասնակցից, որոնց միջև էլ կշարունակվի հետագա պայքարը:
«Պայքար» փուլում, երբ արդեն ձևավորված են բոլոր մարզիչների թիմերը, սկսվում է «ՊԱՅՔԱՐԸ»: Մարզիչներն աշխատում են իրենց թիմի յուրաքանչյուր անդամի հետ` օգնելով ավելի լավ պատրաստվել եզրափակիչին: Նրանք միաժամանակ ընտրություն են կատարում իրենց թիմերի ներսում` հիմնվելով «մենամարտերի» ընթացքում կատարված «որոշիչ երգերի» արդյունքների վրա:
«Պայքար» փուլը բաղկացած է «երաժշտական մենամարտերից», որոնց ընթացքում միևնույն մարզչի թիմի մասնակիցները մրցում են միմյանց հետ` կատարելով միևնույն երգը: Այս փուլում մարզիչները միայնակ են կայացնում իրենց թիմերի հետ կապված բոլոր որոշումները` ընտրելով սեփական թիմի լավագույն ՁԱՅՆԵՐԻՆ:
«Գալա համերգ»-ի փուլ անցած բոլոր մասնակիցները հանդես են գալիս տարբեր երգերով: Այս փուլում մասնակիցների ընտրության գործընթացին անմիջական մասնակցություն են ունենում նաեւ հեռուստադիտողները` SMS-քվեարկության միջոցով: Բայց որոշ մասնակիցների «փրկում են» նաեւ մարզիչները:Նախագծի եզրափակիչ փուլում յուրաքանչյուր մարզչի թիմից նախագծում մնում է 1-ական մասնակից, և պայքարն ընթանում է արդեն չորս մասակիցների միջև: Արդյունքում հաղթում է նրանցից միայն մեկը` արժանանալով «Հայաստանի ՁԱՅՆԸ» տիտղոսին եւ գլխավոր մրցանակին:
Նախագիծը կհեռարձակվի «Արմենիա» հեռուստաընկերությամբ: The Voice -ի ձեւաչափը մշակվել է hոլանդացի մեդիա- գործարար Ջոն դե Մոլին պատկանող Talpa Media ընկերության կողմից: Նախագիծը հաջողությամբ իրագործվել է եւ այժմ էլ պատրաստվում է հեռարձակման աշխարհի 45 երկրներում: Վերջերս այն մեկնարկեց նաև Ռուսաստանի Առաջին ալիքով: