Բանաստեղծ Համբիկ Մարտիրոսյանը պարգևատրվեց ՀՀ գրողների միության մեդալով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միությունում կայացավ բանաստեղծ Համբիկ Մարտիրոսյանի «Երկու ափ» գրքի շնորհանդեսը: Միջոցառման ժամանակ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը բանաստեղծին իր ստեղծագործական վաստակի, հասարակական գործունեության համար պարգևատրեց գրական վաստակի համար շնորհվող մեդալով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Լևոն Անանյանը նշեց, որ Համբիկ Մարտիրոսյանն իր գրքերին մոտենում է խստապահանջությամբ, բծախնդրությամբ, ««Երկու ափ» ժողովածուն նույնպես բացառություն չէ, այս փոքրածավալ գրքում շոշափվում են մերօրյա երեք կարևոր խնդիրներ»:
««Երկու ափ» ժողովածուում հեղինակն արծարծում է սիրո, հայրենիքի և մարդու արժեքներին վերաբերող թեմաները: Գրքի առաջին հատվածն ընթերցելիս հանդիպում ես տերյանական թախծոտ, երազային տրամադրությանը: Շարունակելով գիրքն ընթերցել` մեր աչքի առաջ է գալիս հայ ժողովրդի պատմությունը, նրա անցած ուղին: Իսկ վերջում մենք հանդիպում ենք այն կարևորագույն խնդրին, որ մարդիկ շատ հաճախ մոռանում են մարդկային շատ և շատ կարևոր արժեքներ»,-ասաց Լևոն Անանայանը:
«Երկու ափ» ժողովածուի հեղինակ Համբիկ Մարտիրոսյանն իր այս և մյուս 7 գրքերը կարևորեց նրանով, որ ստեղծագործելիս նա իր աչքի առաջ ունեցել է սփյուռքում հայապահպանության խնդիրը:
«Երկու ափ» ժողովածուն հրատարակված թվով իմ 8-րդ գիրքն է, որը լույս է տեսել մեկ ամիս առաջ: Ուրախ եմ, որ գրքիս շնորհանդեսը տեղի ունեցավ Հայատանում ` ՀՀ գրողների միությունում: Օտար երկրում ապրող հայի համար շատ դժվար է լինել բանաստեղծ և շարունակել ստեղծագործել այն առումով, որ հայերեն լեզուն սկսել է սփյուռքում նահանջել: Համաշխարհայնացումը քիչ-քիչ սկսում է սպառնալ մեր մշակույթին, հայոց լեզվին, իսկ մենք` սփյուռքահայ ստեղծագործողներս, օտար ափերում մեր գործով փորձում ենք վառ պահել հայոց լեզուն, հայ մշակույթը»,-ասաց Համբիկ Մարտիրոսյանը:
Համբիկ Մարտիրոսյանի «Երկու ափ» ժողովածուի շնորհանդեսը կայացավ ՀՀ գրողների միությունում: